Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Կենտրոնական գործադիր խորհուրդը նախկին ԱԳ նախարար և վարչապետ Ահմեթ Դավութօղլուին կուսակցությունից հեռացնելու պահանջով սեպտեմբերի 2-ին դիմել է կուսակցության Կենտրոնական կարգապահական խորհրդին: Որպես հեռացնելու պատճառաբանություն է ներկայացվում ԱԶԿ-ի ներքին կանոնադրությանը հակասող գործունեություն և վարքագիծ դրսևորելը՝ հաղորդում է artigercek.com կայքը:
Վերջին շրջանում Դավութօղլուին ԱԶԿ-ում անվանում էին «դավաճան», ի պատասխան նա նշել է. «Եթե ահաբեկչության դեմ պայքարի հարցում «տետրերը բացվեն», բազմաթիվ մարդիկ «մարդու երես չեն տեսնի»»:
Օգոստոսի 30-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իրենք որպես ԱԶԿ մտահոգություն չունեն իրենցից առանձնացած քաղաքական ուժերի առնչությամբ և հավելել, որ իրենք արդեն ոչ միայն ազգային, այլև միջազգային պատմություն են կերտում: Թուրքիայի նախագահն իր կուսակցության և իր գործողությունների կարևորությունն ընդգծելու համար հիշել է ասացվածքը. «Երբ էշն է սատկում, մնում է թամբը, իսկ երբ մարդն է մահանում՝ նրա ստեղծագործությունը»:
Ավելի վաղ Դավութօղլուն հայտարարել էր նոր կուսակցություն ստեղծելու և դրա հիմնական գծերը հանրությանը ներկայացնելու մասին: Էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանը և արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը նույնպես հեռացել են ԱԶԿ-ից: