Բարձրագույն պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է հանգիստ լինի և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի՝ ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` պատասխանելով Factor.am-ի դիտարկմանը, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղիղ եթերն ընդհատել է Արմեն Մուրադյանի կողմից ուղղորդված բժիշկ, ուռուցքաբան Գևորգ Թամամյանը: Մուրադյանի խոսքով` Գևորգ Թամամյանը պայծառ, ազատամիտ և ճշմարտախոս բացառիկ բժիշկ է և ունի ձևավորված կարծիք: «Պետք չի բոլորին համեմատել ու վիրավորել, ուղղակի պետք է ավելի քննադատաբար տեսնել գործողությունները և լսել քննադատություններն ավելի ադեկվատ: Կարծում եմ` այստեղ ադեկվատության խնդիր կա»,- ասաց առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:
Factor.am-ի դիտարկմանը, որ Արսեն Թորոսյանն իր ուղիղ եթերում պնդել է, թե տեղեկություններ կան, որ այս իշխանությունները Մուրադյանին ցանկանում են ազատել ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնից, իսկ նա Թամամյանի միջոցով փորձում է խուսափել, Մուրադյանը պատասխանեց. «Ես բազմաթիվ պաշտոններ եմ ունեցել, ամենաթանկ պաշտոնն այս երկրում սպիտակ խալաթով ժողովրդին ծառայելն է եղել և երբեք, որևէ պաշտոնից կառչած չեմ եղել՝ առավել ևս` արժանապատվության հաշվին: Եթե բաց քննարկում է գնում, թե ինչ է պատահել իմ և պարոն Թորոսյանի միջև, կարող եմ հայտարարել: «Զինվորի տուն» կենտրոնի հետ կապված մեկ տարի առաջ եղել է քննարկում, որի ընթացքում եղել է անթույլատրելի բառակապակցություն Թորոսյանի կողմից: «50 հոգի եղել են հաշմանդամ և 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչի՞ եք էդքան փող ծախսել», հայտարարել է նախարարը, որից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է և ընդհանուր ոչ մի կողմ, առհասարակ, չի կարող ունենալ»,- ասաց Մուրադյանը: Նա չի կարծում, թե ցինիզմն ու ստախոսությունը և ոչ ադեկվատ քննադատությունները կարող են տեղ գտնել առողջապահության ոլորտում:
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել. «Պարզաբանում այսօր շահարկվող հերթական ստերից մեկի վերաբերյալ, թե իբր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կապված քննարկմանը նախարարն ասել է. «50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»: Արսեն Թորոսյանը նման բան չի ասել, դա բացարձակ սուտ է։ Նախարարը մի քանի անգամ այցելել է վերոգրյալ կենտրոն, սակայն հիվանդների բուժման արդյունավետության կամ նպատակահարմության մասին խոսք ընդհանրապես չի եղել։ Ավելին, նախարարն իր պաշտոնավարման առաջին ամիսներին կենտրոնին առաջարկել է 20 միլիոն դրամի չափով պետական պատվերի պայմանագիր և մերժում է ստացել»։