«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է իր ձախողումներն ու ոլորտի մասնագետների դժգոհությունների մեղքը բարդել «Ժողովուրդ» օրաթերթի վրա: Նախ հիշեցնենք, որ երեկ Թորոսյանի ասուլիսի ժամանակ դահլիճ մտավ ուռուցքաբան, արյունաբան, ՀՀ վարչապետի տիկնոջ «ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը՝ փորձելով հարցեր ուղղել Թորոսյանին, ինչը նրան զայրացրեց, և վերջինս լքեց ասուլիսի սրահը: Եվ տապալված ասուլիսից ժամեր անց Թորոսյանը վերջապես որոշեց խոսել և մեղադրել նաև «Ժողովուրդ» օրաթերթին՝ ասելով. «Իմ դեմ արշավն սկսվեց հիմնականում «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով, որը փաստացի դարձել էր Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խոսափողը՝ վատ իմաստով: Եթե մոնիթորինգ անենք, երկու օրը մեկ իմ մասին հոդված էր գրվում»: Թե ինչ է հասկանում Թորոսյանը՝ արշավ ասելով, դժվար է հասկանալ, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը եղել և մնում է բոլոր այն նախարարների քննադատը, որոնք ունեն ոլորտում ձախողումներ:
Եվ Թորոսյանը ո´չ առաջին, ո՛չ էլ թերևս վերջին առողջապահության նախարարը կլինի, որին քննադատում ենք և քննադատելու ենք, քանի դեռ քաղաքացին դժգոհ է առողջապահական ոլորտից, մատուցվող ծառայություններից ու մշակած քաղաքականությունից: Եվ իզուր են նախարար Թորոսյանի ջանքերը՝ մեզ շանտաժի ճանապարհով լռեցնելու:
Ոլորտի անհաջողություններն ու պաշտոնական անկարողություններով պայմանավորված խնդիրները շտկելու փոխարեն նախարարը սլաքներն այս ու այն կողմ է ուղղում: Հատուկ Արսեն Թորոսյանի համար հայտարարում ենք՝ «Ժողովուրդ» օրաթերթին լռեցնել հնարավոր չէ: Հանգիստ նստե՛ք տեղներդ: Ու դրա փոխարեն լավ կլինի պարզաբանել՝ ինչու եք բժշկական կենտրոնների խորհուրդներում Ձեր մտերիմներին նշանակել, ինչու եք կրկնապատկել Ձեր կնոջ (նախկինում իր կողմից) ղեկավարած կենտրոնի պետպատվերը՝ դարձնելով 2,7 մլրդ դրամ, որը մատուցում է միայն ՄՌՏ և ԿՏ ծառայություններ, և սա այն դեպքում, երբ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը 1 մլրդ դրամի չի հասնում:
Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա եք ազատվել բանակում ծառայելուց, և որքանո՞վ են օրինական դրանք: Թվարկումները շատ կարելի է անել, բայց դրանք՝ առաջիկայում»: