ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը որոշել է վաճառել Հայաստանի «ՌԱՕ Մարս» ՓԲ ընկերությունը, որտեղ գործում է նաև «Ալյանս» ազատ տնտեսական գոտին։ Գնորդի հավանական թեկնածուն «Տաշիր» ընկերությունների խումբն է։
«Մարս» գործարանը Ռուսաստանի սեփականությունն էր դարձել 2003թ. «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում։ 2003-ին` օտարման պահին, «Մարսն» արտադրում էր պլատաներ` տպասալիկներ, վիդեոֆոններ, տարբեր էլեկտրոնային սարքավորումներ, հեռախոսներ, տարբեր ինստրումենտալ արտադրանք եւ մետաղյա պահարաններ:
2013 թ. հուլիսին ՀՀ կառավարության որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, որի կազմակերպիչը «Սիտրոնիկս Արմենիա» ընկերությունն է: «Ալյանսում» գործում են բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններ։
«ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1988թ.: Գործարանի ընդհանուր մակերեսը կազմում է 42 հա: Շենքերի ընդհանուր մակերեսը` 124500 մ2: 2008թ –ից «ՌԱՕ Մարս»-ի ղեկավարող կազմակերպություն է հանդիսանում ռուսական «Սիտրոնիքս» ԲԲԸ-ն, որը ռուսական Սիստեմա ընկերությունների խմբի կազմում է: