Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցից առաջ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ վարչապետի ու ԱՄՆ նախագահի հանդիպում կլինի, այդ հարցը օրակարգում է, սակայն հանդիպման ժամկետի մասին դժվարացավ հստակ տեղեկություն հաղորդել: Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ է մեկնելու սեպտեմբերի վերջին տասնօրյակին՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որի բացմանը հանդես կգա ելույթով։ Նախատեսված են երկկողմ հանդիպումներ, հանդիպումներ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ինչ վերաբերում է վարչապետի և ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը՝ կլինի։ Երբ կլինի՝ շատ լավ է, աշխատում ենք և սա մեզ համար օրակարգային հարց է, բայց ուղղակի ֆիքսվել միայն, որ եթե չկա, ուրեմն այդպես է՝ ես այդ մոտեցումը չեմ կիսում, որովհետև որևէ պակաս՝ բարձր մակարդակով շփումների, մենք չունենք», - վստահեցրեց Մնացականյանը։ Նրա բնորոշմամբ՝ այս տարի Հայաստանն ու ԱՄՆ-ը ունեն «չափազանց բավարար երկխոսություն» բարձր մակարդակով:
«Եթե ուշադրություն դարձնենք՝ և վարչապետի, և ԱԳ նախարարի հանդիպումների ծավալը և մակարդակը, հաշվի առնելով նաև ԱՄՆ պետական կառուցվածքը, մենք որևէ դեֆիցիտ՝ ԱՄՆ-ի հետ շփումների՝ բարձր մակարդակով, այսօր չունենք։ Եվ Սպիտակ տան մակարդակով, և Պետքարտուղարության մակարդակով, բարձր մակարդակում մենք ունենք շատ ակտիվ երկխոսություն։ Եվ չունենք որևէ սահմանափակում՝ ցանկացած պահի ակտիվացնելու։ Շատ պարզ լեզվով ասեմ՝ եթե ես որևէ պատգամ ունեմ, որևէ բան ունեմ ասելու, ես անմիջապես կարող եմ հասցնել դա ԱՄՆ բարձր մակարդակի իմ գործընկերներին», - հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը։
Նա անդրադարձավ նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովին, որին, սպասվում է, որ կմասնակցեն Իրանի ու Սինգապուրի ղեկավարները․«Մենք հիմա նախապատրաստվում ենք և այո, մենք սպասում ենք, որ այս ամենը իրականացվելու է Երևանում՝ մասնակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների և մասնակցությամբ հյուրերի, որոնք համագործակցում են ԵԱՏՄ-ի հետ՝ ներառյալ Սինգապուրը և Իրանը»։