Վերջապես տեղի ունեցավ երկար սպասված բանտարկյալների փոխանակումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Երկու կողմերը փոխանակել են 35-ական բանտարկյալ, այդ թվում` ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը, ում աջակցության համար պայքարում էին հայտնի ռեժիսորներ և դերասաններ տարբեր երկրներում և ով Ռուսաստանում դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման ահաբեկչության համար։ Բոլոր լրատվամիջոցները թե՛ ուկրաինական, թե՛ ռուսաստանյան և ոչ միայն, ուղիղ եթերում ցույց են տվել այդ փոխանակումը։ Պատկերը Մոսկվայի «Վնուկովո» և Ուկրաինայի «Բարիսպոլ» օդանավակայանում տարբեր էր. «Վնուկովո»-ում ամեն ինչ փակ էր լրագրողների համար և նրանք կարող էին միայն պարիսպը ցուցադրել, որից այն կողմ կարող էին մտնել միայն հատուկ մեքենաներ, Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում բանտարկյալներին դիմավորում էր անձամբ նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այստեղ էին լրագրողները և բանտարկյալների հարազատները։ Օդանավակայանում Զելենսկին ասել է. «Պետք է արձանագրեմ, որ ես և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արել ենք ամեն ինչ, ինչ խոստացել ենք և չենք փոխել մեր պայմանավորվածությունները»: Նա նշել է, որ շուտով տեղի կունենա «Նորմանդյան ձևաչափով» հանդիպում և կողմերը կքննարկեն հրեշավոր պատերազմին վերջ տալու քայլերը։ Զելենսկու խոսքով՝ այսօր նա հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։
Վլադիմիր Պուտինը օդանավակայանում Ուկրաինայից վերադարձած ռուսաստանցիներին չի դիմավորել։ Ռուսական կողմն ընդհանրապես չի հրապարակում բանտարկյալների ինքնությունը, միայն խոսում է «ՌԻԱ նովստի» գործակալության ղեկավար Կիրիլ Վիշինսկու մասին։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլում ողջունում են բանտարկյալների փոխանակումը և ուրախ են, որ Ռուսաստանի քաղաքացիները վերադարձել են տուն՝ հավելելով, որ ռուսաստանցիների ցուցակը ավելի ուշ կհրապարակվի։ Ուկրաինա են վերադարձել նաև նավաստիները, ում ռուսական կողմը ձերբակալել էր անցած տարի նոյեմբերին Կերչի մոտակայքում տեղի ունեցած հայտնի միջադեպի ժամանակ։