Վստահ եմ, որ ընտրությունների միջոցով, որն անցկացվում է Հայաստանում, հնարավոր չէ ձևավորել կառավարություն, որը կկարողանա արդյունավետ իր առաքելությունն իրականացնել՝ ասել է «Ադեկվադ» նորաստեղծ կուսակցության վարչության նախագահ Արթուր Դանիելյանը: «Քանի դեռ բոլոր քաղաքացիները հավասար են իրենց ընտրական իրավունքի առումով, պոպուլիստները, էմոցիա հրահրող դերասանները առավելություն են ունենալու: Եվ ընտրական գործընթացը ոչ թե դեմոկրատական է լինելու, այլ «էմոկրատական»՝ էմոցիաներն են կառավարելու: Այս պրոցեսը միայն Հայաստանում չէ, սա համաշխարհային պրոցես է՝ դեմոկրատիայի սնանկությունը տեխնոլոգիական պրոգրեսի արդյունք է: Հիմա իշխանության են եկել նրանք, ովքեր «էմոկրատական» ալիքի վրա են գալիս, բայց էմոցիան արդյունավետ չէ կառավարման համար»,- ասաց նա:
Արթուր Դանիելյանի խոսքով՝ կուսակցության ստեղծումը «Ադեկվադ» միաբանության գործունեության քաղաքական ճյուղն է, կուսակցությունը լրացուցիչ պաշտպանական նշանակություն կունենա «ադեկվադների» համար:
«Մենք ունեինք որոշակի խնդիրներ հետապնդումների հետ կապված՝ թե պետական հաստիքային ապարատի՝ ի դեմս ուժային կառույցներից, թե ոչ հաստիքային ապարատի՝ ի դեմս հանցագործ աշխարհի ներկայացուցիչների: Խուլիգանությունը փաստացի մեզ հետապնդում էր ոչ միայն վիրտուալ, այլև ռեալ աշխարհում: Եվ կուսակցություն գրանցելով մենք ուզեցանք ևս մեկ պաշտպանիչ շերտ ստեղծել, որ հարկ եղած դեպքում կարողանանք այդ հարցը նաև քաղաքականացնել»,- նշեց նա:
«Ադեկվադը» հասարակական կազմակերպությունից կուսակցություն դարձնելը, ըստ Դանիելյանի, արտաքին քաղաքական գործընկերների հետ համաչափ իրավական հարթակում գտնվելու նպատակ ուներ. «Այսինքն՝ այն գործընկերային հարաբերությունները, որոնք հիմա կառուցում ենք Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, մեզ ստիպում էին իրավական ստատուս տալ մեր քաղաքական հայացքներին: Սա էր պատճառը, որ մենք պետք է կուսակցություն գրանցեինք»:
Նրա խոսքով՝ շարունակաբար աճում է «Ադեկվադին» համալրվողների թիվը. «Բայց չեմ կարծում, որ Հայաստանում ադեկվատները դեռևս շատ են: Հայաստանում ապրող անձինք, ենթագիտակցաբար աշխարհի ամենաադեկվատ մարդիկ են: Մեր խնդիրն է այդ ադեկվատությունը ենթագիտակցական գիտակցական մակարդակի բերելը»:
«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարին իր ելույթում Արթուր Դանիելյանը հայտարարել էր, որ «Ադեկվադ» կուսակցությունը չի ստեղծվում, որ մասնակցի հերթական ընտրություններին: «Ես ասել եմ, որ ընտրություններին մասնակցություն դեռևս մեր օրակարգում չկա, չգիտեմ՝ կլինի երբևէ, թե ոչ, բայց իշխանություն ունենալը մեզ մոտ մարտավարական առումով, իհարկե, առաջնային դիրքերում է: Այլ հարց է, որ ես չեմ կարծում, որ իշխանությունը պետք է ձևավորվի ընտրություններով: Մենք պետք է իշխենք մարդկանց ուղեղներում և սրտերում: Եվ այն ենթագիտակցական ադեկվատությունը, որ հայ ժողովուրդն ունի, պետք է դառնա գիտակցական ադեկվատություն»,- ասաց նա: Արթուր Դանիելյանի կարծիքով՝ համաշխարհային նոր հեղափոխությունն անխուսափելի, է և այդ հեղափոխությունը Հայաստանից սկսելու բոլոր նախադրյալները կան:
«Նոր հասարակարգը համաշխարհային հեղափոխությունից հետո լինելու է տեխնոկրատական և մերիտոկրատական սկզբունքների վրա կառուցվող հասարակարգ: Այդ առումով հայ առաքելական եկեղեցին իր կառուցվածքով, իր ինստիտուցիոնալ բնույթով շատ մոտ է տեխնոկրատիային և մերիտոկրատիային: Պետք է ուսումնասիրենք և որոշ գործիքներ որոշ առումով կրկնօրինակենք մեր եկեղեցու կառուցվածքից, եթե ուզում ենք՝ հայկական պետություններն ապագայում տեղ ունենան»,- նշեց նա:
Այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունն Արթուր Դանիելյանը չի բացառում, կուսակցության համար ցանկացած համագործակցություն թե անհատների, թե կառույցների հետ պետք է կրի գաղափարական բնույթ:
«Եթե կան օրակարգային, գաղափարախոսական առումով ընդհանրություններ, ուրեմն կա հնարավոր նախադրյալ հնարավոր համագործակցության համար: Բայց դա ժամանակը ցույց կտա, այս պահին, ցավոք սրտի, Հայաստանի ներքաղաքական դաշտը զուրկ է գաղափարախոսությունից: Ընդդիմության գործողությունները ես չեմ կարող կանխատեսել, որովհետև թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիրները գաղափարական հենք չունեն»,- նկատեց նա:
Արթուր Դանիելյանի խոսքով՝ «Ադեկվադության» առաքելությունն այն է, որ Հայաստանում բնակվողները լավ ապրեն. «Իսկ լավ ապրելու համար պետք է լավ մարդ լինել ու հնարավորինս լավացնել մեր շրջապատը: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր միջոցները, որպեսզի բարելավենք մեր հայրենակիցների կյանքը, բայց դա նյութական ոլորտում չէ: Լավ ապրելու, լավ մարդ լինելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք հոգևոր արժեքներին, իսկ հոգևորը միայն քարոզելով կարող ես զարգացնել»:
«Ադեկվադ» կուսակցությունը Հայաստանում տնտեսության զարգացման ավելի շատ սոցիալիստական մոտեցումներ ունի՝ առաջիկա 20 տարում կիրառել պլանային տնտեսության գործիքակազմ:
Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, «Ադեկվադ» կուսակցության ղեկավարը նշեց. «Եթե ժամանակին Հայաստանն ուներ արցախյան խնդիր, այսօր Արցախն ունի հայաստանյան խնդիր: Ցանկացած կարգավորում պետք է սկսել Արցախ-Հայաստան հարաբերությունները համաչափ դարձնելուց:
Հուսով եմ, որ ինչ-որ մի օր մենք կկարողանանք հարևան երկրների հետ բարեկամական հարաբերություններ ունենալ: Այդ հարաբերությունները հնարավոր կլինի, միայն երբ Ադրբեջանը ընդունի, որ իրականում իրենք են օկուպացրել Արցախի անբաժան մաս կազմող տարածքները, և որպես բարի կամքի դրսևորում նրանք պետք է իրենց դիրքորոշումն առհասարակ փոխեն, որից հետո գուցե հնարավոր լինի բանակցային գործընթացն ավելի կոնստրուկտիվ հունով տանել: Այս պահին դրա հնարավորությունը չեմ տեսնում, այս պահին մեր պետությունների համար պետք է գերակայություն լինի պաշարված ամրոցի մարտավարությունը», - ասաց Արթուր Դանիելյանը: