Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբը և ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հավաստիացրել են, որ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն դեռ կարող են համաձայնության գալ բրեկզիտի շուրջ: Ջավիդը BBC-ին ասել է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը հոկտեմբերի 17-ին կմեկնի Բրյուսել՝ ԵՄ գագաթաժողովին, որ համաձայնություն կնքի և ոչ մի դեպքում բրեկզիտի հետաձգում չի խնդրի:
«Արդեն շատ հանդիպումներ են եղել և գալիք շաբաթ էլ կլինեն: Կառավարությունը շատ գաղափարներ ունի, սակայն բոլորը պետք է գիտակցեն, որ մենք դրանք չենք կարող հիմա հրապարակավ քննարկել: Հավատացնում եմ, վարչապետն ամեն ինչ անում է ԵՄ-ի հետ գործարք կայացնելու համար»,- ասել է Ջավիդը: ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբը Sky News-ին ասել է, որ Բորիս Ջոնսոնի նպատակն է մինչև հոկտեմբերի 31-ն ապահովել բրեկզիտը: «Մենք շարունակում ենք բանակցել, սակայն հոկտեմբերի 31-ից հետո պարտավոր ենք դուրս գալ ԵՄ-ից, որ վերջնականապես չմնանք ճահճի մեջ»,- ասել է Ռաբը: