Վերջնական որոշում կայացնելու համար պետք է անցկացնեմ խորհրդատվություններ տարբեր քաղաքական ուժերի հետ, և ինձ թվում է մոտակա երկու ամսվա մեջ կկայացնեմ վերջնական որոշում՝ Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով 2020-ին նախագահական ընտրություններին մասնակցությանը: Նա հիշեցրեց, որ երեք շաբաթ առաջ ասել է, որ չի բացառվում ակտիվ մասնակցություն ունենա 2020-ի ընտրություններին, ինչը շատ դրական արձագանք է ստացել Արցախում, ՀՀ-ում, Սփյուռքում, և դա կօգնի վերջնական որոշում կայացնել: Մասիս Մայլյանը նկատեց, որ Արցախի նախագահը չի կարող որևէ մեկին աջակցել, ստեղծելու է համապատասխան պայմաններ, որ օրենքի շրջանակում տեղի կունենան 2020-ի ընտրությունները: Հայաստանի իշխանություններն աջակցելու՞ են իրեն հարցին, նա պատասխանեց. «Հայաստանյան իշխանությունները, հատկապես վարչապետ Փաշինյանը, ասել է, որ Հայաստանը երաշխավորելու է, որ այստեղ լինեն ազատ թափանցիկ և արդար ընտրություններ, ես կարծում եմ, որ դա բավարար է որպես աջակցություն բոլոր թեկնածուների համար»:
Անդրադառնալով այսօրվա Ստեփանակերտի ընտրություններին, նախարարը նշեց, որ ընտրություն է կատարել հանուն քաղաքի, քանի որ ինքը ամբողջ կյանքը Ստեփանակերտում է ապրել: Նա նաև ողջունեց ՀՀ կառավարության որոշումը Արցախում դիտորդական կազմակերպություն իրականացնող ՀԿ-ներին դրամաշնորհ տրամադրելու առումով:
Հարցին, թե իշխանությունների հետ անհամաձայնությունները, ինչի մասին նաև վարչապետն է նշել, ինչպես կարող է անդրադառնալ Արցախ-Հայաստան հարաբերություններում, այդ թվում նաև միջազգային հարթակներում, Մասիս Մայլյանն ասաց. «Հայաստան-Արցախ հարաբերությունները նորմալ զարգանում են, գոնե արտաքին գործերի մասով կարող եմ ասել, որ շատ սերտ համագործակցում են նախարարների, նախարարությունների մակարդակով: Որևէ լուրջ խնդիր ես չեմ տեսնում և խոչընդոտ չկա»:
Մասիս Մայլյանը ճիշտ մոտեցում համարեց ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ և այդ մոտեցումը համահունչ է Արցախի իշխանությունների մոտեցումներին, տարիներ շարունակ Արցախի իշխանությունները պնդել են դա: «Այս առումով շատ ողջունելի է, որ Հայաստանի նոր կառավարությունը որդեգրել է այդ նույն քաղաքականությունը և այդ առումով մենք միասին առաջ ենք գնում: Նաև կարևոր է, որ դա չի առաջադրվել որպես նախապայման, այսինքն հանդիպումներ շարունակվում են առաջ են մղում այդ հարցը և իր լուծումը ստանալու է»,- ասաց նա: