Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ օրերս հրապարակված Սահմանադրական դատարանի որոշման ուժով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան: Այսօր տարածած պարզաբանման մեջ Գլխավոր դատախազությունը մանրամասնում է, որ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից տրվել են մեկնաբանություններ, որոնք՝ «հիմնված են որոշման առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից»։ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել նախկին նախագահի դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։
ՍԴ-ն արձանագրել է, որ գործառութային անձեռնմխելիությունը, որով օժտված է պաշտոնաթող նախագահը, վիճարկվող հոդվածում որպես քրեական վարույթը բացառող հանգամանք նշված չէ։ Եվ այդ օրենքում չկան Սահմանադրությունից բխող այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտային գործառութային անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու ընթացքում գնահատելու, թե արդյոք նրանց վերագրվող գործողությունը կամ անգործությունը բխում է կամ բխել է նրանց ներկա կամ նախկին կարգավիճակից կամ գործունեությունից, թե՝ ոչ:
Գլխավոր դատախազությունը վկայակոչում է ՍԴ դիրքորոշումը, ըստ որի այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից: Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինն ինքը պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները բխել են նրա՝ որպես անձեռնմխելիություն ունեցող նախագահ, կարգավիճակից, թե ոչ։
Դատախազությունը հիշեցնում է՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեն մեղսագրվում այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից և այդ հանգամանքը գնահատվել է վարույթն իրականացնող քննիչի, դատախազի և դատարանների կողմից՝ իրենց իրավասության շրջանակներում:
«Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող», ֊ շեշտում է դատախազությունը՝եզրահանգելով՝ ՍԴ որոշման մեջ տեղ գտած դիտարկումները վերաբերում են բացառապես այն դեպքերին, երբ պաշտոնաթող նախագահին մեղսագրվում են գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից։ Հետևաբար, դատախազությունը համարում է, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան: