Որպես քաղաքական թիմ ունենք մեր դիրքորոշումը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Ամուլսարի հարցով վարչապետի հայտարարությանը:
«Այս փուլում ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքն, այլ այն շինարարական աշխատանքների, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում: Ընդ որում, եթե այս պարագայում նկատվի, որևէ շեղում նշված չափանիշներից, տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողություններն՝ ընդհուպ, եթե 90 օր ժամկետի պարագայում խնդիները չվերացվեն ցանկացած կարգի գործողությունները կդադարեցվեն: Այս դիրքորոշման հետ «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է և կիսում է», - ասաց Մակունցը: Ճշտող հարցին՝ այդ դիրքորոշմանը կո՞ղմ են նաև Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ արտահայտված պատգամավորները՝ Մակունցը պատասխանեց. «Վարչապետի հետ հանդիպման ժամանակ խմբակցությունն ունեցել է քննարկում նույն շեշտադրումներով և նույն հարցերի շուրջ, ինչ վարչապետը ներկայացրեց ուղիղ եթերում: Ամբողջ քննարկումը նույն թեմայով ու կետերով տեղի է ունեցել: Առարկություն առ այն, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, չի հնչել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին, իսկ ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, Փաշինյանի հայտարարությունը նշանակու՞մ է, որ իշխանությունը չի կանգնելու ժողովրդի կողքին, Մակունցն ի պատասխան կոչ արեց չբաժանել քաղաքական ուժերին «ժողովրդի հետ» և «ժողովրդի դեմ». «Վարչապետի կողմից նշված որոշումը չի հակասում ժողովրդի շահերին և այստեղ կարիք չկա բաժանելու ժողովրդի կողմ, ժողովրդի դեմ, որովհետև կայացվում է որոշում ու բոլորս այնպիսի քայլերի ենք գնալու, որոնք որևէ կերպ չեն վնասի մեր պետական շահերին, բնակչությանն ու բնապահպանական շահերին»:
Մակունցը նաև պնդեց, որ խմբակցությունում այս կամ այն հարցի շուրջ տարրակարծությունը չի կարող պառակտման պատճառ դառնալ: «Այն, որ խմբակցությնում կա բազմակարծություն, տարբեր տեսակետներ, բոլորովին չեմ դիտարկում պառակտման տեսանկյունից, հակառակը՝ համարում եմ դա մեր քաղաքական ուժի ամենաուժեղ կողմը և դրանից հրաժարվել մենք չենք պատրաստվում: Լինում են դեպքեր, երբ ինչ-որ հարցեր հապաղում են և գործընթացներ դանդաղում են հենց այն պատճառով, որ տեսակետների բախումը պիտի հանգեցնի կոնսենսուսի որոշման, բայց սա դիտարկել որպես պառակտում՝ ես չեմ կիսում»: