ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Սիրելի հայրենակիցներ,
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժան զինծառայողներ,
հայտնում եմ ձեզ, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։
Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ»:
ՙԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ և համապատասխան հրամանագիրը, կարծում եմ, մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի և դա տեղի է ունեցել, կարելի է ասել, մի քանի քննարկումների արդյունքում ԱԱԾ տնօրենի հետ և փոխադարձ համաձայնությամբ՚ Վանաձորում հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա», - հավելեց վարչապետը:
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արթուր Վանեցյանին ազատել ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: