Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Մի քանի հեռուստաընկերություններ ու պարբերականներ լուսաբանում են նրա հանդիպումները Կալիֆորնիայի հայ համայնքի հետ՝ բազմամարդ հանրահավաքը Լոս Անջելեսի կենտրոնական այգիներից մեկում:
Ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդը իշխանության է եկել 2018-ի մայիսին, թավշյա հեղափոխությունից հետո, երբ քաղաքացիները տապալեցին ռեժիմն ու հաստատեցին ազատ ընտրություններ, հաղորդել է ABC հեռուստաընկերությունը: Մեկնաբանը հավելել է՝ հազարավոր հայեր եկել են անձամբ տեսնելու Փաշինյանին, որ առաջնորդել է հեղափոխությունը և հիմք դրել ազատ ընտրությունների:
Los Angeles Daily News-ն էլ փաստել է՝ Փաշինյանին շատերն են ողջունում որպես ժողովրդավարության մունետիկ, որ առաջ է տանում ազատ ընտրությունների և թափանցիկ կառավարման գաղափարները: Թերթը հոդվածին կցել է այդ հանրահավաքից մի քանի լուսանկարներ, դրանցից մեկում, ինչպես նշվում է պարբերականում, Անի և Արենի Տեր-Գրիգորյան քույրերն են, որ Հայաստանի վարչապետի հրավիրած հավաքին մասնակցում էին «Ամուլսարը հանք չի դառնա», «Քանի կանք՝ ոչ մի հանք» գրությամբ պաստառներով:
ՀՀ Վարչապետի այցին անդրադարձել է նաև Fox News հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցում էին հազարավոր հայեր, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաներ: CBS Los Angeles-ը պատմական է որակում վարչապետ Փաշինյանի Լոս Անջելես այցը՝ ընդգծելով, որ Հայաստանի առաջնորդին և նրա տիկնոջը հայաշատ այդ քաղաքում մեծ ոգևորությամբ են ընդունել: Հայկական մեծ համայնք ունեցող Փասադենայի թերթերից մեկը՝ Pasadena Star News-ն էլ գրում է. «Մենք Հայաստանի նոր կերպար ենք կերտել», - սփյուռքահայերի կողմից ջերմ ընդունելության արժանանալով և իր անվան վանկարկումների ուղեկցությամբ հայտարարել է Փաշինյանը»: