Այսպիսի բան, երբ հազարավոր մարդիկ ներգրավում են զորահավաքային վարժանքներին, երբևէ չի եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այսօր մեկնարկած զորավարժություններին:
«Շատ շնորհակալ եմ բոլորին, որովհետև ընդհամենը 6 ժամ հետո հազարավոր զինապարտներ ներկայացան զինկոմիսարիատներ և հավաքակայաններ: Արդյունքներից գոհ եմ», - ասաց Տոնոյանը՝ նշելով, որ մասնակիցների թիվը իր ակնկալիքից էլ մեծ է եղել. «Սա ինչ-որ մեծ հասարակական շարժում էր», - ասաց նախարարը: Ինչո՞վ է պայմանավորում մասնակցության նման ցուցանիշը ՝ Տոնոյանը նշեց՝ բացատրական ու տեղեկատվական աշխատանքները: Նա նկատեց, որ զորավարժություններն անհանգստության պատճառ չպիտի դառնան, քանի որ նպատակ ունեն ստուգել կենտրոնացված ղեկավարման կառավարման համակարգը, զորահավաքային պլանները, ՏԻՄ պլանները, տեխնիկական պատրաստվածությունը և այլն: «Կարիք չկա անհանգստանալու, ուղղակի ստուգում ենք մեր պատրաստության աստիճանը», - ասաց նա: