Հռոմում իր աշխատանքները սկսեց կիբեռանվտանգության ոլորտում միջազգային «Cybertech» համաժողովը, որին մասնակցում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հայաստանը որպես կիբեռանվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն և գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով ելույթում նախագահ Սարգսյանն անդրադարձավ մի շարք հարցերի։ Նա նշեց, որ Հայաստանը 21-րդ դարի երկրի դասական օրինակ է։ Հայաստանը հնագույն երկիր է, հնագույն ազգով, ունի մեծ պատմություն, առևտրային գործընկեր է եղել աշխարհի տարբեր երկրներում, քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն է։
«Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը Հայաստանի նման երկրինն է, մենք ունենք բարձր մակարդակի կրթական համակարգ, հատկապես բնական գիտությունների ոլորտում։ Լինելով փոքր երկիր՝ ունի մեծ ազգ։ Հայաստանի բնակիչներից մի քանի անգամ ավելի հայ է ապրում աշխարհի տարբեր երկրներում՝ ներգրավված լինելով տարբեր ոլորտներում»,-ասաց նախագահը։ Նա ընդգծեց, որ Հայաստանում հատուկ ուշադրություն է դարձվում կրթությանը, կրթական ծրագրերին։ Նախագահի խոսքով, Հայաստանում կարող եք գտնել յուրատեսակ կրթական ծրագրեր, ինչպիսին, օրինակ, «Թումոն» է, որի փորձը ներկայացվում է աշխարհի տարբեր երկրներում։ Նա առանձնացրեց «Այբ» կրթական ծրագիրը, «Քվանտը»։
Արմեն Սարգսյանը խոսեց նաև նախագահական նոր նախագծի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված «ATOM» (Advanced tomorrow) ծրագրի մասին։ Տարբեր բաղադրիչներ ունեցող «ATOM» ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ: Նա հրավիրեց ներկաներին մասնակցել ծրագրին։
«Մենք շատ նվաճումներ ունենք, այդ թվում՝ և ստարտափերը: Հայաստանում իրականացվում է Seaside Startup-ը:
Այս տեսանկյունից ես հավատացած եմ, որ նաև «ստարտափի» նախագահ եմ, և մեր ստարտափը կոչվում է Հայաստան: Երիտասարդ, բայց հին ազգ, որն ունի լավ որակներ, լուրջ հավակնություններ՝ դառնալու մեծ, ինչպես յուրաքանչյուր ստարտափն է ձգտում»,-ասաց նախագահը։ Արմեն Սարգսյանը հույս հայտնեց, որ այս համաժողովը կանցկացվի նաև Երևանում։