«Հրապարակը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լոսանջելեսյան հանդիպումը համայնքի հետ համարում է տապալված, քանի որ ի սկզբանե պլանավորված էր, որ մասնակցելու է 30-35 հազար մարդ՝ «Գրանդ փարկը» կարող է տեղավորել մինչև 30 հազար, բայց կազմակերպիչներին քաղաքապետարանը հնարավորություն էր տվել կողքի փողոցները փակելու հաշվին լրացուցիչ 5-6 հազար մարդու տեղ էլ ապահովել: Լոս Անջելեսի 14 տարբեր վայրերից ավտոբուսներ էին տրամադրվել` մարդկանց «Գրանդ փարկ» տեղափոխելու համար, զեղչեր էին արվել մոտակա բոլոր կայանատեղիներում մեքենաների կայանման համար։ Սակայն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, մասնակցել է ընդամենը 10 հազար մարդ: Առավել խայտառակ իրավիճակ է եղել կոնգրեսմենների մասնակցության հարցում հրավիրված են եղել 53 կոնգրեսմեն և սենատոր, մասնակցել է միայն մեկ կոնգրեսական՝ Ադամ Շիֆը, որ համարվում է Թրամփի ամենաոխերիմ թշնամիներից մեկը:
Համայնքում շշուկներ կան, որ այցի արդյունքներից դժգոհության պատճառով մոտ ժամանակներս պաշտոնին կարող են հրաժեշտ տալ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը»: