Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Ողջունելով Հունաստանի վարչապետին՝ նա նշել է, որ Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ երկկողմ գործընկերությունը և ԵՄ շրջանակում փոխգործակցությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների բարեկամական կապերը և բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները լավ հիմք են տնտեսական և մյուս ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացման համար։ Նշելով, որ ուրախ է ծանոթանալ Հայաստանի վարչապետի հետ՝ Հունաստանի վարչապետը նկատել է՝ հայ և հույն ժողովուրդներին միավորում են պատմական կապերը, և երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պետք է օգտագործել՝ մյուս ուղղություններով ևս փոխգործակցությունը խորացնելու համար։
Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսը քննարկել են գործակցության զարգացման հարցեր, անդրադարձել տնտեսական կապերի ակտիվացման հնարավորություններին, մտքեր փոխանակել տնտեսությունների ներկայիս վիճակի և դինամիկայի շուրջ։ Երկուստեք նշվել է, որ կա տնտեսական նշանակալի ներուժ, և պետք է ակտիվ աշխատել հնարավորինս իրացնելու ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է, որ Երևան-Աթենք ուղիղ օդային հաղորդակցությունը, որն արդեն գործում է, նպաստում է առևտրատնտեսական գործակցության և զբոսաշրջային կապերի զարգացմանը։ Երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման համատեքստում կարևորվել է համատեղ բիզնես ֆորումների կազմակերպումը։ Կողմերն անդրադարձել են պաշտպանության նախարարությունների միջև ծավալված համագործակցությանը՝ գնահատելով արդյունավետ։ Զրուցակիցները քննարկել են ՍԵՊԱ-ի վավերացման գործընթացին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ԵՄ 17 երկիր վավերացրել է համաձայնագիրը և խնդրել է Հունաստանի վարչապետին, որ Հունաստանը ևս հնարավորինս արագ վավերացնի համաձայնագիրը և աջակցի համաձայնագրի վերջնական ուժի մեջ մտնելուն։ Հայաստանի և Հունաստանի վարչապետները մտքեր են փոխանակել նաև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկի շուրջ։
Հայաստանի վարչապետը կարևորել է Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Հունաստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի հիմնախնդրի լուծման ուղղությամբ Հունաստանի և Կիպրոսի ջանքերին Հայաստանի աջակցության համար։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։