Բավարար ապացույցներ են ձեռք բերվել ՊՆնախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար՝ հաղորդում է Քննչական կոմիտեն: «Քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ և ՀՀ ՊՆ նախարարի 19.03.2013թ. թիվ 287 հրամանով ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքների, բացառությամբ ՀՀ ՊՆ նախարարի կողմից հաստատված ցանկում ներառված տարածքների, որոնք ենթակա չեն սեփականության իրավունքով տրամադրման, անհատույց օգտագործման իրավունքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին տրամադրման հարցի քննարկման լիազորությունը վերապահված է եղել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, որը պետք է ղեկավարվեր ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ, սակայն Երևանի Գ. Հասրաթյան փողոցի 25/6 շենքի 71 բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ ՊՆ նախարարը, և այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի քննարկման արդյունքում նշված շենքի մի շարք բնակարաններ, ՀՀ ՊՆ նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովի կողմից հատկացվել են ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս և պետության օրինական շահերին», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: Նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Վիգեն Սարգսյանը նախկին իշխող Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահն է, եղել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, 2016-ից մինչև թավշյա հեղափոխությունը ՊՆ նախարարն էր:
ՊՆնախկին նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքում գրառմամբ արձագանքել է իրեն պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքերի առկայության մասին Քննչական կոմիտեի հաղորդագրությանը. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նախատեսվում է ինձ ներգրավել մեղադրյալի կարգավիճակով: Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բաշխվող բնակարանների հատկացման կարգը ենթադրաբար խախտելուն: Համարում եմ, որ նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նման տեղեկատվություն տարածելը կոպտորեն խախտում է առնվազն բարոյականության և բարեվարքության բոլոր կանոնները: Քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Դա չափից ավելի կանխատեսելի էր և ակնկալելի: Ակնհայտ է, որ այս գործընթացի հիմնական նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին», - գրում է Սարգսյանը: «Իմ գտնվելու վայրի մասին հանրայնորեն բազմիցս իրազեկել եմ, գործում են իմ էլեկտրոնային փոստը, պաշտոնական էջը և բջջային հեռախոսահամարը, որոնք, կարծում եմ, հայտնի են նաև «նոր» Հայաստանի իրավապահ մարմիններին: Քանի որ ինքս այս օրերին ուսումնառության նպատակով գտնվում եմ ԱՄՆ-ում և ծրագրի ընդհատումն այս փուլում կհանգեցնի այն ավարտին հասցնելու հնարավորությունը կորցնելուն, լիազորել եմ փաստաբանիս կապվել Հատուկ քննչական ծառայության պատասխանատուների հետ` հետագա գործընթացներում ինձ ներկայացնելու նպատակով»:
«Գործընթացի և ձևը, և բովանդակությունը բազմաթիվ հարցեր են առաջացնում: Ես վրդովված եմ, բայց նաև հանգիստ, քանի որ բնակարանների բաշխման պատմությանն ու այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում` բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով և չափանիշներով: Ամբողջ ընթացքը և վերահսկողությունը իրականացրել է համապատասխան հանձնաժողովը` իր որոշումների առանցքում ունենալով մարտական ուղի անցած զինծառայողների առաջնահերթության սկզբունքը», - գրում է Սարգսյանը:
«Զինծառայողների, զինհաշմանդամների և զոհվածների ընտանիքների բնակարանավորման խնդիրները մշտապես եղել են իմ գլխավորած գերատեսչության ուշադրության կենտրոնում, և մենք այդ ուղղությամբ իրականացրել ենք հանրությանը հայտնի քայլեր: Մի քանի ամսում լուծվել է տարիներով հերթագրված 1-ին խմբի զինհաշմանդամների և զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը, ներդրվել է զինծառայողների գերմատչելի վարկավորման ծրագիր: Պատիվ ունեմ», - իր գրառումն ամփոփում է պաշտպանության նախկին նախարարը: