«Փաստը» գրում է. «ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ ՌԴ կառավարությունը քննարկում է Հայաստանի երկաթուղային համակարգի` «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը դադարեցնելու հնարավորությունը: Այս տեղեկությունը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանում:
Թեմային ակտիվորեն անդրադառնում են նաև ռուսաստանյան լրատվամիջոցները՝ նշելով, որ իրավիճակը սրվել է խուզարկումների ու քրեական գործերի պատճառով, որոնք Հայաստանի նոր իշխանությունները իրականացնում են «Հարավկովկասյան երկաթուղիների» դեմ: Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ՀԿԵ-ն շահութաբեր կազմակերպություն չէ, այլ հակառակը՝ դա մի տեսակ բարեգործական պարտավորություն է, որը ստացվել է «որպես բեռ»: Ռուս մի շարք փորձագետներ կարծիք են հայտնում, որ այսպիսով ռուսները ՀՀ իշխանություններին պարզապես ասում են. «Մեզ ձեր երկաթուղին ընդհանրապես պետք չէ, տանջվեք դրա հետ ինքներդ»: Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ ամբողջ շարժակազմը ոչ թե ՀՀ-ինն է, այլ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը: Ստացվում է, որ մեր իշխանություններն առաջին հերթին պետք է արագ գնորդ գտնեն, որը ոչ միայն կստանձնի հայկական երկաթուղու կառավարումը, այլև կգնի ամբողջ այդ շարժակազմը կամ նոր շարժակազմ, ինչն ավելի թանկ կարժենա»: