Երեկ կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով լրագրողների հարցերին չպատասխանեց: ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասաց, որ անսպասելի էր ինքնասպանության մասին լսելը:
«Ես միշտ մտածել եմ, որ թույլ մարդիկ են ինքնասպանություն գործում, այս դեպքից հետո կսկսեմ մտածել, որ նաև շատ ուժեղ մարդիկ են այդ քայլին դիմում: Արդեն ստիպված եմ այդպես մտածել»,- ասաց Ալիկ Սարգսյանը: Նա հավելեց, որ չի հասկանում, թե Հայկ Հարությունյանի համար ինչ պահ է եղել, ինչ ընկճվածություն, հիասթափություն կամ հուսահատություն, բայց, ամեն դեպքում, Հարությունյանը դժվար էր հուսահատվում, շատ դժվար հիասթափվում էր և այնպիսի ուժեղ հատկանիշներ ուներ՝ տղամարդուն հատուկ, որ չպիտի նման քայլի դիմեր:
Դիտարկմանը, թե ճի՞շտ է, որ Հայկ Հարությունյանն ալկոհոլի հանդեպ հակում է ունեցել, Ալիկ Սարգսյանն ասաց. «Վերջին անգամ նրան մոտ երեք ամիս առաջ եմ տեսել, բայց այս տարիների ընթացքում ես նրան երբևիցե հարբած չեմ տեսել, կարող է մի երկու բաժակ խմեր, տրամադրությունը լավանար։ Եթե նա վերջին ամիսներին ագրեսիվ է եղել, սկսել է ալկոհոլ օգտագործել, ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ»։
Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ Հայկ Հարությունյանի հետ մոտ ընկերներ էին, երբեմն հանդիպում էին: Հարցին՝ արդյո՞ք քաղաքականությունից զրուցում էին, Սահակյանն ասաց. «Ամեն ինչից էլ կարելի էր խոսել, կախված՝ ինչ պարագայում էինք հանդիպել»:
Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանն էլ ասաց, որ իր համար դժվար է խոսել Հայկ Հարությունյանի մասին, քանի որ մտերիմներ էին. «Աշխատել եմ իր հետ, ինձ համար ինքը երկրին, հայրենիքին նվիրված սպայի կերպար էր, որը կատարում էր իր առջև դրված հանձնարարությունները: Հաճախ եմ շփվել, մենք հարևաններ էինք: Նա սպա էր և դժվար էր հասկանալ` իրեն անհանգստացնող խնդիր կա՞, թե՞ ոչ»: