Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հնդկաստանի իր գործընկերոջը և նկատել՝ երկու երկրներն ու ժողովուրդները ունեն ամուր պատմական կապեր, որոնք երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ են պարունակում։ Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը, և պատրաստ է շարունակել հետևողական և ակտիվ համատեղ աշխատանքը ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։
Հնդկաստանի վարչապետը նշել է, որ ուրախ է Հայաստանի վարչապետի հետ առաջին հանդիպման առիթով և քննարկել հայ-հնդկական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նարենդրա Մոդիի խոսքով՝ Հայաստան-Հնդկաստան բարեկամական կապերը դարավոր են և ամուր, և Հնդկաստանը հետաքրքրված է երկկողմ գործակցությունը զարգացնելու հարցում։
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին քննարկել են երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական, մշակութային, հումանիտար կապերի խորացման հեռանկարները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել կինոարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ։ Առևտրային կապերի ընդլայնման համատեքստում անդրադարձ է եղել գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման և փոխայցելությունների կազմակերպման հարցին։ Կողմերը պայմանավորվել են կառավարությունների մակարդակով օժանդակել գործարարների խմբերի փոխանակմանը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական գործակցության զարգացման համար։
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետերը նաև մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Քաշմիրի նահանգի հարցի շուրջ։