ԵԱՏՄ երկրներ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը մտադիր են տաքսի ավտոմեքենաների և վարորդների միասնական գրանցամատյան ստեղծել: Խոսքը վարորդների թվային գրանցման մասին է: Գաղափարն արդեն հավանության է արժանացել ԵԱՏՄ Գործարար խորհրդի կողմից, և նոյեմբերին առաջարկը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Մինչ այդ առաջարկը կքննարկվի սեպտեմբերի 27-ին Բիշքեկում «Եվրասիական շաբաթ» համաժողովում: Ներկայում ԱՊՀ քաղաքացիների վարորդական իրավունքների իսկությունն ստուգելը գրեթե անհնար է, այդ իսկ պատճառով տաքսի ծառայությունները ցանկանում են փողոցներն ազատել կեղծ իրավունքով երթևեկող վարորդներից, մեծացնել երթևեկության անվտանգությունը: Մոսկվայում տաքսու վարորդների 60 տոկոսն արտասահմանցիներ են:
Ռուսաստանում կոմերցիոն փոխադրումներ անելու իրավունք ունեն արտասահմանյան վարորդական իրավունքով երթևեկող վարորդները, եթե հայրենի երկրում ռուսերենը պետական լեզու է: ԵԱՏՄ բոլոր երկրներից միայն Հայաստանը չի համապատասխանում այդ պահանջին, և հայկական վարորդական իրավունքով վարորդները ՌԴ-ում կոմերցիոն փոխադրումներ կատարել չեն կարող: