Վրացական պատվիրակությունն ամբողջ կազմով չի մասնակցի ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին։ Վերջնական որոշումը կհաստատի պատվիրակության ղեկավարը, հաղորդում է LB.ua-ն՝ ԵԽԽՎ-ում Վրաստանի ներկայացուցիչ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Կանդելակիի հայտարարությանը հղումով։
«Ես սատարում եմ այս բոյկոտին։ Ես հենց սկզբից հանդես եմ եկել դրա օգտին: Չնայած հուլիսին այս քվեարկությունը (ռուսաստանյան պատվիրակության վերականգնման վերաբերյալ) մեր օգտին չէր: «Մեր» ասելով նկատի ունեմ վեց երկրներ՝ Ուկրաինան, Վրաստանը, Մերձբալթյան երկրները և Լեհաստանը, որոնք մասնակցել են ԵԽԽՎ-ին Ռուսաստանի վերադարձի դեմ դեմարշին. լեգիտիմությունն ու բարոյական գերակայությունը մեր կողմն են»,- ասել է Կանդելակին և հավելել, որ ԵԽԽՎ-ին չմասնակցելով վատ դրության մեջ կդնեն այն պետություններին, որոնք սխալ որոշում են կայացրել։ Նա լիովին աջակցում է ուկրաինական պատվիրակության՝ ԵԽԽՎ նստաշրջանի բոլոր միջոցառումներին չմասնակցելու որոշումը։ Պատգամավորը նաև նշել է, որ Ուկրաինայի աջակցության խմբի երկրները պատրաստ են աջակցել ուկրաինական պատվիրակության ցանկացած որոշման, ներառյալ ԵԽԽՎ հետագա դեմարշը:
«Մասնավորապես, Վրաստանը, Լեհաստանը և Մերձբալթյան երկրները հետևում են Ուկրաինային: Ուկրաինան կարող է նախաձեռնել դա, և այդ երկրները կհետևեն նրան: Այս ամբողջ տարիներին մենք պայքարել ենք նաև Ուկրաինայի համար», - ասել է Կանդելակին: