Երեկ Նյու Յորքում առաջին անգամ 2008-ի հնգօրյա պատերազմից հետո հանդիպել են Ռուսաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները: Սերգեյ Լավրովի և Դավիթ Զալկալիանիի հանդիպումը տեղի է ունեցել Շվեյցարիայի միջնորդությամբ՝ Ռուսաստանն ու Վրաստանը պատերազմից հետո չունեն դիվանագիտական հարաբերություններ, և նրանց պաշտոնյաների շփումներն անցնում են շվեյցարական կողմի միջնորդությամբ։
Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են բոլոր հարցերը, հիմնականը ռուսական օկուպացիայի հետ կապված հարցերն էին, ժնևյան բանակցությունների հետ կապված հարցերը և իրավիճակը Հարավային Օսիայի սահմանին։ Հանդիպման մանրամասներ ոչ ռուսական, ոչ վրացական կողմերը չեն հայտնում։ Դավիթ Զալկալիանին տեսագրություն է տարածել, որում շեշտել է, որ Լավրովի հետ հանդիպելուց առաջ խորհրդակցություններ է անցկացրել իր արևմտյան գործընկերների հետ։ Հակամարտությունները կարգավորելու համար Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի ամբիոնից խոսել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Լավրով - Զալկալիանի բանակցությունները մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ հայտարարելով, թե Նյու Յորքում կայացած այդ հանդիպումը կարող է նպաստել երկու երկրների բարդ խնդիրների կարգավորմանը։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ շվեյցարական կողմի միջնորդությամբ և հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերն ու մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։