Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 26-ին, արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում։ Խորհուրդը հանդիպել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և դատավորների հետ։ Հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվել են արդյունավետ արդարադատություն ունենալու գործիքակազմերը, դատական համակարգի խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Անդրադարձ է եղել դատավորներին հետաքրքրող տարբեր հարցերի ևս: Հիմնականում ուշադրության առանցքում են եղել դատավորների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, գործերի բաշխման կարգը:
Նշվել է, որ Խորհուրդը քաջատեղյակ է դատավորներին հուզող հարցերին, և գործուն քայլեր են ձեռնարկվում առաջնահերթ խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ: Կարևորվել է նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ դատական իշխանության արդյունավետության և հանրային հաշվետվողականության բարձրացման ապահովումը: Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել բաց քննարկում: Դատավորների կողմից ներկայացվել են նաև ոլորտում նկատելի խնդիրների հաղթահարման առաջարկություններ:
Աշխատանքային հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները շրջայց են կատարել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրերում, տեղում ծանոթացել գրասենյակի, արխիվի և կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման գործընթացին: