ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վալերի Օսիպյանը պաշտոնավարման 1 տարի 4 ամսում դարձել է 3 բնակարանի և 1 թանկարժեք ավտոմեքենայի սեփականատեր և Ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս անց Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից բնակության է տեղափոխվել Կենտրոն համայնք։ Tert.am-ի տեղեկություններով՝ Վալերի Օսիպյանը սերտ կապեր ունի մոսկվայաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի ( «Մոնարխի Արմեն») հետ, որը Վալերի Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուն պես նրան սպիտակ «Lexus GX470» է նվիրել։
Սա դեռ ամենը չէ։ Նախ, Երևանի Թումանյան փողոցում Վալերի Օսիպյանի համար տուն է վարձվել, որպեսզի ոստիկանապետը Նուբարաշենից չգա աշխատանքի։ Այնուհետև մասնակի վճարումով և Արմեն Գինոսյանի նվիրատվությամբ այդ բնակարանը դարձել է Վալերի Օսիպյանի սեփականությունը, այն գնել է հայաստանյան գործարարներից մեկից։ Մասնակի վճարման վերաբերյալ Tert.am-ը հարցում է ուղարկել համապատասխան կառույց:
Բացի այդ, Վալերիյ Օսիպյանը 2 թանկարժեք նվեր է ստացել կրկին Մոնարխի Արմենից՝ 1 բնակարան և 1 առանձնատուն։
Նախ, Մոնարխի Արմենը Երևանի Բուզանդի փողոցում (Սարյան փոստի դիմաց) իր կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում Վալերի Օսիպյանին բնակարան է նվիրել։ Բացի այդ, Մոնարխի Արմենը Վալերի Օսիպյանին նվիրել է մեկ հողատարածք՝ Դավթաշենում, որի վրա էլ հետագայում իր միջոցներով առանձնատուն է կառուցել Վալերի Օսիպյանի համար:
Ի՞նչ է արել Վալերի Օսիպյանն այս ամենի դիմաց:
ՀՀ նախկին ոստիկանապետը Մոնարխի Արմենի ցանկությամբ «մանր-մունր» քրեական հեղինակություններին ու գործարարների մերձավորներին «փռել է ասֆալտին», իսկ Մոնարխի Արմենի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների նշանակել պաշտոնների։ Դրանցից մեկը Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդեն նախկին բաժնի պետ Միհրան Դավթյանի նշանակումն էր, որը Մոնարխի Արմենի հովանավորյալն է ու մտերիմը։
Իր պաշտոնավարման վերջին օրը Վալերի Օսիպյանը Միհրան Դավթյանին նշանակել էր ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ։ Սակայն նա չէր հասցրել մեկնել աշխատանքի, քանի որ Միհրան Դավթյանին ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը երկու օր անց՝ սեպտեմբերի 20-ին ազատեց աշխատանքից։ Վալերի Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր դեռ չի ներկայացրել։
Նշենք, որ Մոնարխի Արմենն իրավապահ այլ կառույցներում ևս ընկերներ ունի, որոնք այդ պաշտոններում նշանակվել են նրա շնորհիվ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արվել և խնամի–ծանոթ–բարեկամ հարաբերությունները տեղ չունեն կառավարման համակարգում։ Փաստացի Վալերի Օսիպյանն այսօր վարչապետի գլխավոր խորհրդականն է։