«Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովը լավ հարթակ է առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղիների և եվրասիական տարածքում լոգիստիկ սխեմաների ճարտարապետության հաստատման վերաբերյալ տեսակետների փոխանակման համար»՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միջազգային համաժողովի բացմանը:
«Հուսով եմ, որ քննարկումների արդյունքների հիման վրա մենք կկարողանանք ավելի լավ գնահատել մեր հնարավորությունները և հստակցնել մեխանիզմները՝ հաղթահարելու այն արգելքները, որոնք խոչնդոտում են տարանցիկ միջանցքների և սխեմաների լիարժեք կայացմանը, մեզ համար նախանշել առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման ամենաարդյունավետ մեթոդները», - ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրել ինտեգրման դրական դինամիկայի հետագա ապահովման, այն խնդիրների լուծման համար, որ կարող են լրացուցիչ խթան դառնալ ԵԱՏՄ անդամ երկրներում տնտեսական աճի համար:
«Այս համատեքստում առանցքային ոլորտներից մեկը եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու դիվերսիֆիկացիան է, ինչը կապահովի ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառության աճը, ապրանքների արտահանումը արտաքին շուկաներ», - ասաց նա:
ՀՀ վարչապետն ընդգծեց՝ Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը, Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի և այլ երկրների հետ համապատասխան համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդեն Միության տնտեսական ներուժը՝ ապահովելով լիարժեք ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ, այլև կընդլայնեն տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունը և մայրցամաքի տարանցիկ ներուժը:
«Հայաստանի Հանրապետությունը, ելնելով իր աշխարհագրական առանձնահատկություններից, պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները և լոգիստիկան ապահովելու համար՝ մոտ ապագայում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անխուսափելի բարձրացման համատեքստում: Բացի տրանսպորտի ոլորտում տարանցիկ ներուժը օգտագործելուց, Հայաստանը կարող է դառնալ նաև տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգիկ համակարգի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան», - ասաց Նիկոլ Փաշինյանը: