Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որ Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վաղը նախատեսված է ԵԱՏՄ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: Կարծում եմ՝ շատ կարևոր նիստ է, որովհետև հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, իսկ վաղը մենք պատրաստվում ենք համապատասխան համաձայնագիր ստորագրել Սինգապուրի հետ: Դա նշանակում է, որ ԵԱՏՄ գործընկերների շրջանակն ընդլայնվում է, և ես շատ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում: Վստահ եմ, որ դա կբարձրացնի ԵԱՏՄ-ի գրավչությունը և ԵԱՏՄ բոլոր երկրներում բիզնեսի համար նոր հնարավորություններ կբացի»:
Փաշինյանն ընդգծել է, որ Բելառուսը մեր ռազմավարական գործընկերն է, շատ կարևոր գործընկերը, և մենք շատ արգասաբեր աշխատում ենք և հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը «գնալով առավել արգասաբեր կդառնա»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում ասել է. «Ես գիտեմ, թե որքան շահագրգռված եք Դուք եղել և որքան ակտիվ եք աշխատել Սինգապուրի հետ՝ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Անկեղծ ասած, երբ ինձ զեկուցեցին, որ մենք պետք է մշակենք Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու կնքման մասին համաձայնագիր, ես ասացի՝ կենտրոնացեք Նիկոլ Փաշինյանի վրա, կենտրոնացեք Հայաստանի վրա, որովհետև մեր տնտեսությունները նման են, և չեմ կարծում, թե Հայաստանն իր համար որևէ բան վատ կանի, ինչը կվնասի, ենթադրենք, նաև մեզ: Դրա համար մենք կենտրոնացանք Ձեր մշակումների վրա, սակայն, իհարկե, նույնպես վերլուծել ենք իրավիճակը և մշտապես Ձեզ աջակցել ենք, Դուք դա չեք կարող հերքել: Անկեղծ ասած, Սինգապուրը նման համաձայնագրի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինի Հայաստանին: Սակայն պետք է ընդգծեմ, որ համաձայնագիրը բոլոր պետությունների օգտին է, հակառակ դեպքում այն ոչ ոք չէր դիտարկի: Դրա համար էլ օպտիմալ ժամանակում մշակվել է այս համաձայնագիրը»:
Բելառուսի նախագահը նշել է, որ եթե անգամ Հայաստանը հրաժարվի իրենց հետ համագործակցելուց «մենք միևնույն է, կպնդենք, որ մենք լինենք շատ մտերիմ, բարեկամ պետություններ, և Դուք պետք է միշտ իմանաք, որ մենք միշտ պատրաստ ենք Հայաստանի մեջքին կանգնել»:
«Այդպես է ստացվել, որ Դուք իմ շատ լավ ընկերն եք, և Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է: Եվ ի՞նչ կարող եմ ես անել՝ ես շատ լավ եմ վերաբերվում և Հայաստանին, և Ադրբեջանին, և Ադրբեջանի ղեկավարությանը այն ժամանակներից, երբ դեռ Հեյդար Ալիևն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նույնպես լավ հարաբերություններ ունենք: Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի: Բացարձակապես ոչ: Եկեք Բելառուս, ցույց տվեք՝ ինչ է ձեզ պետք, մենք պատրաստ ենք աշխատել՝ ի շահ Հայաստանի: Հավատացեք, դրանք այդպիսի հարաբերություններ են: Ես նման ոչ դիվանագիտական թեմա շոշափեցի, գուցե պետք չէր այն շոշափել, բայց չեմ ուզում, որ մեր միջև որևէ մինչև վերջ չասված, չպարզված բաներ լինեն: Մենք պարտավոր ենք արտահայտել հայերի և բելառուսների սպասումները, մենք պետք է բարեկամություն անենք, քանի որ մեր ժողովուրդներն են բարեկամություն անում», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Շնորհակալություն հայտնելով Ալեքսանդր Լուկաշենկոյին լավ խոսքերի համար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, որպեսզի մեր հարաբերություններում մութ անկյուններ չլինեն, և մենք միշտ բաց բոլոր հարցերը քննարկում ենք: Դուք գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ բավական ոչ հեշտ հարաբերություններ ունենք, ուղիղ ասած՝ կոնֆլիկտային հարաբերություններ: Մենք այդ հարցը քննարկել ենք նաև ՀԱՊԿ շրջանակում: Իհարկե, ոչ բոլոր հարցերն են հեշտ, և ընդհանրապես զբաղվել այն գործով, որով մենք զբաղվում ենք, հեշտ գործ չէ: Վստահ եմ, որ մենք բավականաչափ իմաստություն, բավականաչափ խիզախություն և բավականաչափ կամք ունենք՝ բոլոր հարցերը լուծելու համար և այնպես լուծելու համար, որպեսզի մեր երկրների, մեր ժողովուրդների բարեկամությունը և եղբայրությունը զարգանան և գնալով ավելի ու ավելի ջերմանան: Ես դրանում վստահ եմ»: