«Փաստը» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ առաջիկայում ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա։ Երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել էր, թե գազի գնի՝ 30 տոկոսով բարձրանալու տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ, հարցին՝ հաջորդ տարվա համար կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն արձագանքել է. «Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ»։ Մհեր Գրիգորյանն ասել է նաև, որ գազի գնի բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ։ Սա, ըստ էության, հետաքրքիր մեկնաբանություն է, հատկապես այն առումով, որ հերքվում է կոնկրետ 30 տոկոսով թանկանալու տեղեկությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով, 2020-ի հունվարի 1-ից գազը թանկանալու է, այդ թվում՝ ազգաբնակչության համար: Միայն թե մնում է պարզել, թե որքան է թանկանալու: Մեր աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը նախատեսում է գազի գինը բարձրացնել 38-40 տոկոսով, ինչը շատ լուրջ թանկացում է և չի կարող վնաս չհասցնել թե սոցիալական առումով, թե ՀՀ ողջ տնտեսության վրա ազդեցության։ Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները բանակցություններում փորձում են հասնել այնպիսի փոխզիջման, որ թանկացումը լինի ոչ ավելի, քան 20-25 տոկոս: Իսկ սա արդեն, չնայած փաստացի թանկացմանը, հնարավոր կլինի մատուցել որպես մեծ ձեռքբերում և ընդգրկել հաջորդ «100 փաստի» մեջ: Մի խոսքով, կարծես այլևս որևէ կողմ չի հերքում, որ գազը թանկանալու է: Հարցն այն է, թե որքան»: