Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս՝ ասել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Երևանում ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: «ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունենալիք երկկողմ բանակցությունները հնարավորություն կընձեռեն նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի հարաբերությունները Իրանի, Սինգապուրի, Մոլդովայի, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ։ Իր նախագահությունը կառույցում մեր երկիրը անցկացնում է ամենաբարձր մակարդակով, ցույց տալով իր հզոր պոտենցիալն ու քաղաքական մեծ կամքը նպաստելու կառույցի հեղինակության բարձրացմանն ու միջազգային ճանաչելիության ընդարձակմանը։ Հայաստանի մասնակցությամբ որևէ միջազգային կազմակերպության հզորացումը բխում է մեր շահերից և մենք շարունակելու ենք աշխատանքները այս ուղղությամբ»,- ասաց նա։ Վլադիմիր
Կարապետյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան արդեն տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որն անցել է աշխատանքային, միևնույն ժամանակ բացառիկ ջերմ ու անկեղծ մթնոլորտում։ Այսօր նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:
«Նիստերի օրակարգը հագեցած է: Տեղի կունենան նեղ և ընդլայնված կազմերով նիստեր: Օրակարգում ընդգրկված են 2018-ի բյուջեի կատարման հաշվետվության, 2020-ի բյուջեի, գազի փոխադրման և մատակարարման ոլորտում օրենսդրական ներդաշնակեցման, 2020-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցեր: Քննարկվելու է նաև ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման կոնցեպցիան։ Այս բոլոր հարցերը ուղիղ առնչություն ունեն մեզ հետ և Հայաստանը ամենաակտիվ ներգրավված է այս փաստաթղթերի մշակման և վերջնական տեսքի բերելու գործընթացներում։ Ընդհանուր առմամբ 16 հարց է ներգրավված երեւանյան նիստի օրակարգում»,- նշեց Կարապետյանը։
ՀՀ վարչապետի խոսնակը հատկանշական անվանեց, որ առաջին անգամ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում են աննախադեպ քանակի լիդերներ: «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ նաև վերջին ամիսներին Հայաստանի առաջնորդությամբ տեղի ունեցան ակտիվ շփումներ Սինգապուրի և ԵԱՏՄ միջև, որի արդյունքում միանգամից երեք փաստաթուղթ է ստորագրվելու Երևանում։ Դրանցից են՝ համապարփակ տնտեսական համագործակցության, Ազատ առևտրի, առևտրի և ներդրումների մասին կարևորագույն և բովանդակային փաստաթղթերը։ Հատկանշական է, որ դա արվելու է Հայաստանի նախագահության ժամանակ։ Նաև նշեմ, որ, ձեռք բերելով առևտրի, տնտեսական համագործակցության և ներդրումների համար փայլուն հնարավորությունները, Հայաստանը դառնում է կապող օղակ ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի միջև»,- նկատեց նա: