Այսօր Աժ-ում քննարկվում էր Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մասնավորեցման հետ կապված օրենքի նախագիծը, որտեղ կար երկու հակադիր կարծիք: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հետաքրքրվեց. «ԱԺ-ն ասում է չկա անհրաժեշտություն, Դուք ասում եք՝ կա, ինչո՞ւ»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիտողություն էր արել Առողջապահության փոխնախարարին, նշելով, որ կառաջարկեր քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել: Հարցուպատասխանի ընթացքում ԱԺ նախագահի այս կոչին պատասխանեց նախարար Արսեն Թորոսյանը: «Մենք կոչ ենք անում նմանատիպ նախագծեր նախաձեռնելուց առաջ առնվազն ինֆորմացիայի տիրապետելու մակարդակում մեզ հետ համագործակցել, չնայած, դրան ի պատասխան ստանում ենք հորդորներ, որ չսովորեցնենք, թե ինչպես է պետք աշխատել Ազգային ժողովին»,- ասաց նա: Թորոսյանի այս պատասխանն ԱԺ նախագահը ևս անպատասխան չթողեց և հորդորեց տեղեկանալ մանրամասներին: «Ի գիտություն, պարոն Թորոսյան, էդ որ ասում եք՝ հորդորել էին ձեր տեղակալին, էդ հորդորողը ես եմ եղել և դա եղել է ի պատասխան Ազգային ժողովին դիմելիս ոչ անհրաժեշտ կոռեկտության սահմանները պահելու համար, խնդրում եմ, տեղեկացեք մանրամասներին»,- ասաց նա: