ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցով, իր խոսքը եզրափակեց բառացի հետևյալ կերպ. «Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ լինել չի կարող: Նա էդ շանսը ուներ, և նա էդ շանսը կորցրել է», Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Քանի որ իր ելույթի մեկնարկին Միրզոյանը կոչ արեց խոսել անկեղծ և առանց փարիսեցիության, այս միտքը բոլորովին պատահական չէ: Փաստացի, ԱԺ նախագահը խոստովանեց, որ անկախ որոշման նախագծի հիմքում ընկած «փաստերից», որոնցից ամենակարևորը ժամանակին Հրայր Թովմասյանի աֆիլիացիան էր Հանրապետականին, իմքայլականները շանս տալիս էին Թովմասյանին դառնալ իրենց սրտի ՍԴ նախագահ:
Երբ փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ շանսի մասին է խոսքը և ի՞նչ է արել Թովմասյանը, որ զրկվել է այդ շանսից, ակնհայտ է, որ հնարավոր վարկածների մեջ առաջին տեղում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող հետապնդման և հակասահմանադրական գործընթացում ՍԴ նախագահի որդեգրած արդարամիտ և անաչառ կեցվածքն է: Թե չէ քավոր-սանիկ, ՀՀԿ անդամ, ելույթներ, հարցազրույց, ընթացակարգ... ամբողջը բառակույտ է, դատարկաբանություն:
Արարատ Միրզոյանի այսօրվա ինքնախոստովանությանը հավելենք շաբաթներ առաջ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի աղմկահարույց հայտարարությունը Վենետիկի հանձնաժողովին որպես դրսից տղա բերելու մասին և ամեն ինչ կընկնի իր տեղը:
ԱԺ խոսնակն այսօր սրբագրեց Հրայր Թովմասյանին «ազգի դավաճան» հանող իր թիմակիցների բոլշևիկյան լալահառաչ ելույթները և ասաց ճշմարտությունը:
Այսինքն եթե ՍԴ նախագահը իրեն «խելոք պահեր», Նիկոլի սրտով գնար, իրանց ուզած թելը թելեր, կարող էր շարունակել հանգիստ նստել իր տեղում» ։