Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում «Վալդայ» ֆորումում ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ գրում են ադրբեջանական կայքերը։ «Ես կցանկանայի անդրադառնալ ՀՀ վարչապետի՝ զարմանք առաջացնող «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ» հայտարարությանը։ Նախ, մեղմ ասած, սուտ է: Ղարաբաղն ամբողջ աշխարհի կողմից, հավասարապես լեռնայինը, ճանաչվում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս», – ասել է Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ Հայաստանն էլ չի ճանաչում «այդ անօրինական միավորումը» և Ղարաբաղը ադրբեջանական երկիր է: «Այնպես որ, Ղարաբաղը Ադրբեջանն է և բացականչական նշան (!)», – հայտարարել է Ալիևը։ Ալիևը նաև նշել է, որ Ռուսաստանը «Վալդայ» ֆորումի շրջանակներում արձագանքել է հայկական կողմի հայտարարություններին՝ Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելու վերաբերյալ՝ նկատի ունենալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որին ՀՀ ԱԳՆ-ն պատասխան տվեց։
Ադրբեջանի նախագահը նաև խոսել է Փաշինյանի՝ հակամարտության կարգավորման 3 կողմերի համար ընդունելիության վերաբերյալ։ «Հայաստանի վարչապետը հաճախ ասում է, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Այսպիսով, ես պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գաղափարը գոյություն չունի: Լեռնային Ղարաբաղի բնակչություն կա, որը մինչ հակամարտությունը բաղկացած էր ադրբեջանցի և հայ ժողովրդից, ովքեր ունեն հավասար իրավունքներ։
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի լուծումն է ընդունելի Ադրբեջանի համար, այն կայանում է տարածքային ամբողջականության վերականգնման մեջ, որը ճանաչվում է ամբողջ աշխարհի կողմից, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձն է իրենց բնօրրան՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղ: Դա համահունչ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և Հելսինկյան եզրափակիչ ակտին», – հայտարարել է Ալիևը։