«Ժողովուրդը» գրում է. «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի ժՊ Նարեկ Մանուկյանն իր աշխատասենյակում երեկ նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանի հետ ծեծկռտուքի ընթացքում կոտրել է բժշկի քիթը: Պատճառը, ըստ նախնական վարկածի, որ բժշկի հորը տնօրենի պաշտոնակատարն աշխատանքից ազատել է, բժիշկը պարզաբանման համար մտել է տնօրենի մոտ և զրույցը վեճ է դարձել, հետո էլ` «բռնցքամարտիկ» տնօրենը կոտրել է բժշկի քիթը։ «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ երեկ նրան վիրահատել են։ Հետաքրքիր էր, որ քիթ կոտրելու տնօրենի քայլը երեկ, ըստ էության, արդարացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ ասելով.
«Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի… Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ դիմումից հետո՝ վերադարձրել»։ Սակայն երեկ հիվանդանոցում այլ լուրեր էին պտտվում, որ նախարարի հովանավորյալ տնօրենն ազատված աշխատակցի հետ չի կարողացել կիսել գումարը, դրա համար է ազատել աշխատանքից։ Այլ վարկածի համաձայն, կոտրվածք ունեցողի հայրը նախկին տնօրենին մի քանի անգամ բարձրաձայն պաշտպանել է, դրա համար նոր ԺՊ-ն քեն է պահել։ Թե որ վարկածն է իրական, քննությունը ցույց կտա, բայց փաստ է, որ նախարար Թորոսյանի նշանակած վստահելի որոշ տնօրեններ աշխատակիցներից ապօրինի գումարներ են պահանջում։ Պարզապես բոլոր դեպքերը չէ, որ ավարտվում են քիթկոտրուկով։ Բայց այդ մասին՝ առաջիկայում՚: