Մենք մեր առաջարկները, որոշակի հաշվարկներ ներկայացրել ենք, հիմա սպասում ենք ռուսական կողմի ավելի առարկայական առաջարկներին՝ Tert.am-ին ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններին: Ըստ նրա` ռուսական կողմի տրամադրվածությունը շատ կառուցողական է: Ինչ վերաբերում է հարցին, թե բանակցությունները ընդհանրապես բարձրացում լինել-չլինելու մասին է, թե գնի բարձրացման չափի մասին է, Գարեգին Բաղրամյանը նշեց. «Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, բնականաբար այդ հարցին չեմ կարող պատասխանել: Բանակցություններում ամեն կողմ փորձում է իր տնտեսական շահն առաջ տանել և ընդհանրապես բանակցությունները ընթանում են ավելի երկարաժամկետ մոդելային լուծումներ ունենալու շուրջ, որ, ինչպես պարոն վարչապետն ասաց, ունենանք ավելի կայուն գնագոյացում որոշակի երկար ժամանակահատվածի համար»,-ասաց նա: Հարցին, թե հնարավոր համարում է, որ ընդհանրապես գնի բարձրացում չլինի, Գարեգին Բաղրամյանն ասաց՝ համարում է:
Օպտիմալացման մասին Գարեգին Բաղրամյանն ասաց. «Բանակցությունները կոմպլեքս են ընթանում և ձեր ասած օպտիմալացումները, կորուստների կրճատումները, ներդրումային փաթեթը, ամբողջ փոխադրման համակարգը, սահմանին գազի գնագոյացման հարցերն այդ ամբողջի վերաբերյալ կոմպլեքս մոդելային քննարկում է իրականացվում: Տնտեսումները լինելու են յուրաքանչյուր տարի` կախված ներդրումներից, կորուստների նվազեցումներից, կախված ներդրումների ծավալներից, տեղի են ունենալու աշխատողների կամ այլ ծախսերի կրճատում: Այս պահին թվերով չեմ կարող ասել, բայց, օրինակ, 5 տարում նախատեսվում է 1000 աշխատակցի կրճատում, դա ինչ-որ բաղադրիչ է՝ ընդամենը սակագնի ձևավորման մեջ»: