«Չի բացառվում, որ խորհրդարանը նոր վարչապետ ընտրի»
08.10.2019 | 00:21
Հայաստանի ներքին ու արտաքին որոշ խնդիրների շուրջ է «Իրատեսի» զրույցը քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ։
-Օրերս ղարաբաղյան հակամարտության առնչությամբ բավական ուշագրավ հայտարարություններ եղան։ Նախ Ալիևի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ», հետո ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը, թե` կարգավորման գործընթացն արգելակվել է։ Ի՞նչ է կատարվում հակամարտության շուրջ։
-Իսկապես բանակցային գործընթաց, որպես այդպիսին, վաղուց տեղի չի ունենում։ Ապրիլյան պատերազմից հետո Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում հակամարտող կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, Ադրբեջանն ամեն ինչ անում էր իր վրա դրված այդ պարտավորություններից խուսափելու համար։ Խոսքը հետաքննության մեխանիզմների, ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի մեծացման մասին էր։ Սրանք միջոցներ էին, որոնցով սահմանային իրավիճակը վերահսկելի էր դառնում, Ադրբեջանին հետագայում թույլ չտալով լարվածություն ստեղծելով ներքին ու արտաքին խնդիրներ լուծել։ Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումը լավ առիթ էր, որ Ադրբեջանը հետաձգի այդ գործընթացի շարունակությունը և փորձի հընթացս փոխել շեշտադրումները։ Սա հաջողվեց նրան վերելակային պայմանավորվածությունների միջոցով, դրանից հետո ընդհանրապես քաղաքական օրակարգից դուրս մնացին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Մինչև պաշտոնական Երևանը հասկացավ, թե ինչ խաղաքարտեր է կորցրել այս մեկ տարվա ընթացքում, արդեն բանը բանից անցել էր։ Գործընթացն ընդհատվեց, նորն էլ չի սկսվել, որովհետև Ադրբեջանը, հասկանալով, որ դիմացինը անփորձ է, չի տիրապետում բանակցային գործընթացի նրբություններին, փորձում է գործընթացը կանգնեցնելու մեղավորությունը գցել հայկական կողմի վրա։ Դրա համար օգտագործում են Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախը հիմա պետք է վերադարձնել բանակցային սեղան կամ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այսինքն, նմանատիպ հայտարարությունները Ադրբեջանը փորձում է դնել բանակցությունները չվերսկսելու իր քաղաքականության հիմքում և պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա։ Հիմա կարծես թե տեխնիկապես Ադրբեջանին դա հաջողվում է, միջազգային ընկալումներում շատ են սկսել պաշտոնական Երևանին մեղադրել, որ նման հայտարարությունները չեն նպաստում բանակցային գործընթացին։ Ըստ էության, դա Ադրբեջանի մշակած քաղաքականությունն էր, և հիմա Հայաստանի դիվանագիտական կորպուսի, ղեկավարության հիմնական խնդիրը պետք է լինի էությունը ձևից տարբերակելը։ Այն է` ցույց տալ միջնորդներին, որ գործողություններով Ադրբեջանը վաղուց սաբոտաժի է ենթարկել բանակցությունների գործընթացը, բայց դա փորձում է այնպես փաթեթավորել, թե իբր մեղավորը հայկական կողմն է։ Նուրբ հաշվարկների, զգուշավոր հայտարարությունների, հարցի էությունը հասկանալու և մատուցելու դեպքում հնարավոր կլինի Հայաստանի հանդեպ նման հայտարարությունները չեզոքացնել, առարկությունների տեղ չթողնել։ Սա աշխատանք է պահանջում և ի վերջո, նշանակում է խորանալ հարցի էության մեջ։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները դա չեն անում։ Նիկոլ Փաշինյանը զբաղված է ներքին հարցերով, քանի որ նրա համար դրանք ավելի կարևոր ու առաջնային են։ Նա զբաղված է իր իշխանությունն ամրապնդելով, նախկին իշխանությունների դեմ պայքարով, դատաիրավական համակարգն իրեն հարմարեցնելով։ Այս խնդիրների վրա այնքան ժամանակ է վատնում, որ անվտանգությանը սպառնացող հարցերով չի զբաղվում։ Ամեն բանակցությունից առաջ ինչ-որ բաներ է կարդում և ամբողջությամբ չընկալած կամ տեքստի մի մասին ծանոթանալով, հայտարարություններ է անում, զորօրինակ, թե ինչպես է Արցախը Սովետական Ադրբեջանից անկախացել։ Հետո այս ամենն օգտագործվում է մեր դեմ։ Վերջապես մի օր պե՞տք է նա լուրջ զբաղվի այս հարցով։
-Բավականին խոսուն էր նաև այն ժամանակահատվածը, երբ Սերգեյ Լավրովը այդպիսի հայտարարություն արեց։ Հայաստանից ՌԴ ղեկավարը նոր էր վերադարձել։ Կապ տեսնու՞մ եք այս հայտարարության և Պուտինի հայաստանյան այցի միջև։
-Հայ-ռուսական հարաբերություններն այսպիսի խոր ճգնաժամ երբևէ չեն ապրել, երբ իսպառ վերացել է երկկողմանի օրակարգը։ ՌԴ ղեկավարը գալիս է Երևան, հանդիպում է Փաշինյանի հետ (ու չգիտես` ինչպես է կազմակերպվել այդ հանդիպումը, որովհետև մամուլում տարբեր ուշագրավ տեղեկություններ կան հիշյալ հանդիպման կազմակերպական մասի վերաբերյալ) և պաշտոնական կարճ տեղեկություն հրամցվեց հանրությանը, որը փաստեց` որևէ հարց չի շոշափվել, չի քննարկվել։ Չխոսեցին գազի գնի, Լարսի անցակետում առաջացած դժվարությունների, տնտեսական գործակցության, հետագա ծրագրերի, Արցախի և տարածաշրջանային խնդիրների մասին։ Որևէ կարևոր հարց չի քննարկվել, միակ շեշտադրումն այն էր, որ ԵԱՏՄ-ն, որպես տարածաշրջանային կառույց, լավ զարգացում է ապրում։ Սա առնվազն վկայում է այն մասին, որ երկկողմանի օրակարգն այս պահին լիարժեք սառեցված է։ Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ի պարագայում է։ Հայաստանի իշխանությունները չունեն քաղաքական գիծ, օրակարգ ԱՄՆ-ի հետ։ Փաշինյանի այցը ԱՄՆ դրա վառ ապացույցն էր, որևէ էական հանդիպում տեղի չի ունեցել, որտեղ կարող էին քննարկվել հայ-ամերիկյան երկկողմ հարցերը։ Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարության ժամանակահատվածին, դա ամենևին էլ զարմանալի չէր։ Անգամ չէի զարմանա, որ նման հայտարարություն հնչեր Երևանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պուտինը Բելա Քոչարյանի հետ էր հանդիպել այն ժամանակ, երբ Փաշինյանն էր փորձում արդյունավետ հանդիպում ունենալ Պուտինի հետ։ Չէի բացառի, որ հենց Հայաստանից այդպիսի ապտակ հասցվեր հայկական դիվանագիտությանը։
Ռուսաստանը փորձում է «Վալդայի» հարթակի քաղաքական կշիռը մեծացնել, որպես Արևմուտքում ընթացող նմանատիպ տարբեր ֆորումներին հակակշիռ, և կարևոր հայտարարությունները, որոնք օրակարգային չեն, Ռուսաստանը պահում է հենց այնտեղ հնչեցնելու համար։
-Վերևում նշեցիք, որ Փաշինյանը ներքին հարցերով է զբաղված և ազգային անվտանգության հարցերը, այսպես ասած, աչքաթող է արել։ Փոխարենը Փաշինյանը անընդհատ իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, թե քանի զորամաս է անցել նոր սննդատեսակի։ Փորձագետները փաստում են, որ անվտանգության տեսակետից սխալ է թվեր վկայակոչելը։ Համամի՞տ եք։
-Ողջ խնդիրն այն է, որ Փաշինյանն առաջնորդվում է սոցիալական լայն զանգվածներին դուր գալու ցանկությամբ, ոչ թե պետական շահով, անվտանգության խնդիրներով։ Չեմ կարող ասել, որ դա նրան չի հետաքրքրում, բայց առաջնահերթությունների մեջ ավելի կարևոր է համարում ներքին հարցերը։ Փաշինյանը որոշել է, որ եթե այդ զանգվածի աջակցությունն ունենա, պետության անվտանգության մակարդակը դրանով կավելանա, ու ամեն ինչ այդ տրամաբանության վրա է կառուցում։ Դրա համար, երբ ասում է` 7 կամ 10 հազար զինվոր լավ են սնվելու, նրա համար այդքան զինվորի ծնողի արձագանքն ավելի կարևոր է, քանի մի քանի տասնյակի հասնող փորձագետների արձագանքը։
-Սակայն մամուլի արձագանքը բավականին անհանգստացնում է իշխանավորներին։ Այդ պատճառով մամուլը հայտնվել է դատական հայցերի տիրույթում, մի քանի օր է համացանցը քննարկում է նաև փողոցային խուլիգանների հարձակումը «Հայելի» ակումբի վրա։ ՈՒնենալով լրագրող-վարչապետ, ինչու՞ է մամուլն ավելի ծանր վիճակում հայտնվել։
-Փաշինյանի գործողություններում ամեն ինչ պարզ է ու հասկանալի։ Նշանակություն չունի` նա մամուլի ներկայացուցիչ է, թե ոչ։ Անգամ այն ժամանակ, երբ խմբագիր էր, «Հայկական ժամանակը» այդ մասնագիտության ներկայացուցիչների հանդեպ հարգալից վերաբերմունք չի դրսևորել։ Մշտապես եղել է շատ ուժեղ մրցակցություն, եղել է հակառակորդին ճնշելու, վատ լույսի ներքո ներկայացնելու մարտավարություն։ Հիմա անում է նույնը՝ ավելի մեծ լծակներ ունենալով ձեռքի տակ։ Փաշինյանը հասկանում է, որ երկրում խնդիրները շատացել են, հետզհետե դրանց սրությունը զգացվելու է, իսկ այդ ամենը բնականաբար արտահայտվելու է, լրատվամիջոցներում ու... նրանց լռեցնելու խնդիր է դրված։ Դժգոհությունը, ընդդիմության ձայնը, ցանկացած բան, որը կարող է սպառնալիք լինել իր իշխանությանը , Փաշինյանը լռեցնելու է տարբեր միջոցներով։ Մի տեղ կլինի ավազակային հարձակմամբ, մեկ այլ տեղ` ընտրողական վերաբերմունք, այսինքն մեկի հանդեպ հետապնդում, մյուսի դեպքում` ոչինչ, ինչպես եղավ դատավորների պարագայում։ Հաճախ լինելու է նաև ժողովրդի ձայնը լռեցնելու միջոցով, երբ ժողովրդի ընտրած համայնքի ղեկավարին պաշտոնանկ կանեն և սեփական մարդկանց ժամանակավոր պաշտոնակատարներ կնշանակեն։ Այս ամենի հանրագումարում պիտի ասել, որ տրամաբանական կապ կա դատաիրավական համակարգի, լրատվամիջոցների, քաղաքացիական նախաձեռնությունների դեմ իրականացրած արշավում։ Այս ամենը հաղթահարելու համար ընտրվել է ամեն գնով ճնշելու տարբերակը, այս հարցերում օրենքի գերակայություն նրանք չունեն։
-Ո՞րն է նպատակը, ու՞ր են տանում երկիրը։
-Նպատակը սեփական իշխանության պահպանումն է։ Իրենք դա կոչում են հակահեղափոխության ճնշում, բայց դա բացառապես Փաշինյանի իշխանության ամրապնդման համար է արվում։ Նա հասկանում է` գործով չի հաջողվում, տեսնում է, որ իր թիմն ընդունակ չէ լուծելու այն խնդիրները, որոնք երկրի առջև են ծառացած, դրա համար այսպիսի ռեպրեսիվ միջոցներ է կիրառում։
-Այդ ամենի տրամաբանության մե՞ջ են տեղավորվում իշխանությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները, և ինչպես մամուլն է տեղեկացնում, սպասվում են նորերը։ Հարվածի տակ հայտնված պաշտոնյաները և՞ս հակահեղափոխականներ են։
-Պարզ է, որ ամեն գնով իշխանությունն ամրապնդելու Փաշինյանի ցանկությունը ոչ բոլորին է դուր գալիս, անգամ հեղափոխական թիմում։ Ես երբեք չէի ասի, որ Արթուր Վանեցյանը կամ Վալերի Օսիպյանը պակաս հեղափոխական էին, քան Նիկոլ Փաշինյանը։ Հեղաշրջման առաջին փուլի աշխատանքների ողջ բեռը նրանք իրենց ուսերին վերցրին և առաջ տարան։ Որքան էլ նրանց մոտեցումներն ինձ դուր չգան, բայց դա փաստ է։ Նրանք աշխատել և ուժեղացրել են Փաշինյանին, տվել են այդ հեղաշրջման Փաշինյանի համար ակնկալվող առաջին արդյունքները։ Լինեն բացահայտումներ, ձերբակալումներ կամ այլ քայլեր։ Հիմա հիշյալ մարդկանց հետ խնդիրներ են առաջացել և, դատելով տվյալ անձանց հայտարարություններից, ենթադրվում է, որ պաշտոնանկության պատճառը հետապնդումներ իրականացնելու, դատարաններն արգելափակելու և նմանատիպ այլ հարցերում Փաշինյանի չափից ավելի պահանջկոտությունն է։ Նրանք, ովքեր քիչ թե շատ արժանապատվություն ունեն, Փաշինյանի հետ կոնֆլիկտի մեջ էին մտնելու։ Հակառակ պարագայում կլինեին կամազուրկ ծառաներ և կանեին այն ամենը, ինչի համար հետագայում կարող էին շատ լուրջ իրավական պատասխանատվություն կրել։ Կարծում եմ` արժեքներ կրող, ինքնասիրություն ունեցող մարդիկ իշխանությունից դուրս են գալու, մեկը մի քիչ շուտ է այդ ճնշումն իր վրա զգում, մեկը՝ մի քիչ ուշ, բայց գործընթացն արդեն սկսվել է։ Ընդ որում, Արթուր Վանեցյանով չի սկսվել այդ ամենը, այլ ավելի շուտ, երբ բնապահպանական շարժումներից հայտնի մարդիկ, պատգամավոր դառնալով, ընդդիմացան Ամուլսարի հարցում և ճնշման հանդիպեցին։ Կամաց-կամաց այս տրոհումը արագություն է հավաքում։ ՈՒժայինների հետ կապված զարգացումները պարզապես ընդգծեցին առկա խնդիրը, որն արդեն կար։
-Իշխանության ներսի խութերը կարո՞ղ են խորհրդարանի լուծարման հիմք դառնալ։
-Ոչինչ չեմ բացառում, քանի որ թիմային կառավարում չկա։ Կա մեկ անհատի կամք, որը պարտադրվում է մյուսներին։ Հարցն այն է, թե ով որքան սկզբունքային կլինի այս հակամարտության մեջ։ Եթե կարողանան հարմարվել այս պայմաններին, կմնան Փաշինյանի հետ։ Նրանք, ովքեր չկարողանան, հրաժարականներ կտան, ներսում թիմեր կձևավորեն։ Այս ամենը զսպելու համար Փաշինյանը մի գործիքակազմ ունի` իրավական առումով ճնշել, սպառնալ։ Գործընթացները ցույց կտան, թե ինչ կլինի, բայց ակնհայտ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող։
- Ընդդիմախոսներն այսօր պնդում են, թե արտահերթ ընտրություններ պետք է լինեն։ Նման սցենար հնարավո՞ր է։
-Այս պահին անգամ չեմ բացառում, որ խորհրդարանը կարող է նոր վարչապետ ընտրել։ Տարբերակներ շատ կան։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այնքան էլ քաղաքական դեմքեր չեն խորհրդարանում, ցանկացած բան կարելի է սպասել։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմքեր այսօր չեմ տեսնում, բայց չեմ բացառում, որ դա կարող է լինել նաև շատ արագ՝ 2-3 շաբաթվա ընթացքում, երբ կտրուկ իրավիճակ փոխվի։ Բայց ավելի հավանական եմ համարում նոր վարչապետի ընտրությունը, երբ թիմի տրոհում լինի։ «Անտեր» մնացած պատգամավորները նոր հովանավորներ կփնտրեն, որոնց կուղղորդեն նոր կառավարության ղեկավար ընտրելու։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ