Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երկուշաբթի հերքել է լուրերը, որ Վրաստան է մեկնել Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտության լուծման նախաձեռնությամբ:
Շտայնմայերը և նրա տիկինը՝ Էլկե Բյուդենբենդերը պաշտոնական այցով Վրաստան են ժամանել կիրակի, այցի պաշտոնական մասն սկսվել է երկուշաբթի:
Գերմանիայի նախագահի այցի տեղեկության տարածումից հետո լուրեր հայտնվեցին, որ նա պետք է Վրաստանին հանձնի մի պլան, որը նման կլինի Ուկրաինայի համար «Շտայնմայերի բանաձևին»: «Իմ այցի ընթացքում հանդիպումներ կկայանան քաղաքական շրջանակների, նախագահի, վարչապետի և խորհրդարանի անդամների հետ: Մենք հնարավորություն կունենանք այցելելու Հարավային Օսիայի հետ սահման: Ես իրոք չեմ եկել որևէ կոնկրետ նախաձեռնությամբ կամ առաջարկությամբ, այս անգամ ես բացարձակապես այլ դերակատարություն ունեմ», - հայտարարել է Շտայնմայերը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ բրիֆինգում: