«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է ենթակառուցվածքի արդիականացումը՝ Ղալթախչի երկաթուղային կայարանում ընթանում են էլեկտրակենտրոնացման համակարգի արդիականացման և վերականգնման աշխատանքները: Կայարանն ավերվել էր 1988-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, սարքավորումներն ու աշխատողները հաստատվեցին ժամանակավոր շինություններում: Ընկերության Տնօրենների խորհրդի որոշմամբ՝ հիմնական աշխատանքները նախատեսված է կատարել 2019-ին: Կառուցվում է նոր շենք, վերականգնվում է էլեկտրակենտրոնացման համակարգը, տեղադրվում են անհրաժեշտ սարքավորումներ: Կառույցների գազաֆիկացումը և ենթակառուցվածքի կառուցումը միտված է Ընկերության աշխատակիցների աշխատանքի պայմանների բարելավմանը: Ղալթախչի կայարանի ենթակառուցվածքի վերակառուցմանն ուղղվել է 44 մլն դրամ: Աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի և կավարտվեն մինչև տարեվերջ: Ղալթախչի երկաթուղային կայարանն արդեն 120 տարեկան է՝ շահագործվում է 1899 -ից և ժամանակին Թիֆլիս (Թբիլիսի) – Ալեքսանդրապոլ (Գյումրի) – Կարս երկաթուղու բաժանիչ կայարանն էր:
Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները 2008 – 2018-ին կազմել են 117 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի շրջանակներում վերանորոգվել և վերակառուցվել է 55 խոշոր ենթակառուցվածքային շինություն: