ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի թեկնածու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ 28 երկրներից կազմված կառույցի համար արտաքին ասպարեզում առաջնահերթ են Բալկանների և Ուկրաինայի խնդիրները: Բորելը, որ Իսպանիայի ԱԳ նախարարն է և հաստատվելու դեպքում կփոխարինի Ֆեդերիկա Մոգերինիին, երեկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պատասխանել է օրենսդիրների հարցերին: Նա ասել է, որ միջազգային ասպարեզում ԵՄ-ն բախվում է Չինաստանի հետզհետե հզորացող ազդեցությանը, Կրեմլի ագրեսիվ ճնշումներին և ԱՄՆ-ի հետ պարբերաբար ծագող վեճերին:
«Բալկանները և Եվրոպայի արևելյան ճակատը կլինեն մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, - ասել է Ժոզեպ Բորելը: - ԵՄ-ն չի կարող գլոբալ հավակնություններ ունենալ, եթե ունակ չէ լուծել իր անմիջական սահմաններում հարցերը»: Բորելը ասել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատուի պաշտոնը ստանձնելու դեպքում առաջին այցը կկատարի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա: