ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալ լինի, որ նրան են նվիրել Ուկրաինան՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում անցկացվող «Եվրոպական անվտանգություն. Հեռանալ անդունդի եզրից» միջազգային կոնֆերանսի ժամանակ: Լուկաշենկոն նշել է, որ Արևելքն ու Արևմուտքը դիմակայում են միմյանց արդեն երկար ժամանակ՝ դեռ ԽՍՀՄ-ի տարիներից, մանավանդ ռազմական ոլորտում: Հենց այս դիմակայությունն էլ հանգեցրել է այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում: Բելառուսի նախագահի խոսքով՝ իրենք ուղղակի «նվիրել» են Ուկրաինան Արևմուտքին, ինչի համար ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալ լինեն: Լուկաշենկոն ընդգծել է, որ կոնֆլիկտն Ուկրաինայում դեռևս այսօր էլ կարելի է լուծել, քանի որ «ախտորոշումը» տրված է:
«Թե ինչպես վերացնենք հիվանդությունը, նույնպես գիտենք, բայց հարկավոր է սկսել այն բուժել: Ուկրաինայի այսօրվա իշխանություններն ու նախագահը, իհարկե, ամենակարող չեն: Նրան ոչ ներսից, ոչ դրսից չեն թողնի անել այն, ինչ ինքը ուզում է, բայց ես համոզվել եմ, որ նա ուզում է լուծել այս խնդիրը»,- ասել է նա: