Ես ասել եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ մասով ծախսերն են՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց անցած տարվա ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի կապիտալ ծախսերը շատ շոշափելի են, բայց մեր սահմանած նշաձողին չենք կարող հասնել, քանի որ նաև բարձր որակական չափանիշներ ենք դրել»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ հաստատում է իր՝ նախկինում արված հայտարարությունը, թե փողի խնդիր չունենք: Նա նկատեց, որ դա նաև քաղաքական շահարկումների առիթ է տալիս:
«Բայց երբ ասում ենք, որ մենք փողի խնդիր չունենք, դա չի նշանակում, որ դուրս գանք ու ուղղակի փող բաժանենք, այդ դեպքում փողի արժեքը կընկնի, այսինքն՝ կարժեզրկվի»,-ասաց նա և նշեց, որ այդ դեպքում կարող է այնպես ստացվել, որ մեկ կիլոգրամ հաց գնելու համար երկու կիլոգրամ գումար պետք է տաս: «Երբ ասում ենք, որ փողի խնդիր չունենք, նկատի ունենք՝ կապիտալ ներդրում անելու համար փողի խնդիր չունենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ 9 ամիսներին բյուջեի եկամտային մասը ավելացել է 21,6 տոկոսով: «Մենք ռազմավարության վրա աշխատում ենք և եկել ենք եզրակացության, որ պոտենցիալ գումարները պետք է ներգրավել կապիտալ ծախսերի վրա, որոնք մենք համարում ենք մեգածրագրեր, և այդ դեպքում գումարը կունենա արժեք»,-ասաց նա: