Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իր համար ընդհանուր առմամբ ընդունելի չէ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի հրաժարականի տրամաբանությունը: Սարհատ Պետրոսյանը նշել էր, որ «չի կիսում կառավարության քաղաքականությունն ու մոտեցումները քաղաքաշինության ոլորտում»։
«Ինձ համար մի փոքր տրամաբանությունը ընդունելի չէ, որովհետև դա նույնն է, որ Առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետև չի համաձայնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ: Ինչ վերաբերում է Կադաստրի կոմիտեի գործառույթին, Կադաստրի կոմիտեն շատ հստակ գործառույթներ ունի, և Կադաստրի կոմիտեի նախագահի պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեություն ծավալել: Ենթադրում եմ, պարոն Պետրոսյանը մի փոքր այս հարցից է նաև հիասթափված», - ասաց Ավինյանը:
«Ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից», - գրել էր Սարհատ Պետրոսյանը։ Հրաժարականի տեքստի այս հատվածը փոխվարչապետն առավել հետաքրքիր համարեց. «Այ դա շատ հետաքրքիր հայտարարություն է: Ես առաջարկում եմ պարոն Պետրոսյանից անպայմանորեն պարզաբանումները փորձել ստանալ, և ես ձեզ կխնդրեմ դա անել: Որովհետև սա ինձ համար էլ է նորություն: Կոռումպացվածության մասին որևէ պաշտոնյայի որևէ խոսք անգամ չի գնացել: Այդ հայտարարության մեջ իմ անունը շրջանառվում է այն կոնտեքստով, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարը հիմա իմ խորհրդականն է»: Տիգրան Ավինյանը նշեց․ «Ես կարծում եմ, պարոն Պետրոսյանը, որը չի եղել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի այն բոլոր խնդիրների խորքին, որոնք առկա են քաղաքաշինության ոլորտում: Իհարկե, գուցե թվում է, թե ինչ-որ մեկ այլ, հարակից ոլորտ ղեկավարելով կարող ես բոլոր խնդիրներին ծանոթ լինել: Ես կարծում եմ, դա այդպես չէ»: