Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Լույսը պանելի տակ

Լույսը պանելի տակ
22.10.2019 | 17:19

Ցնցումն այնքան ահավոր էր, որ գրեթե ոչ ոք չգտավ իր առաջին անելիքը... Մի քանի վայրկյանում բարձրահարկերը խոնարհվելով գերեզմանոց դարձան: Պանելների ու բետոնի շինվածքների արանքում կենդանի մնացածները չհասցրին անգամ ճչալ: Հրաշքով փրկվածները փորձում էին հասկանալ՝ երա՞զ է թե... Ով հասկացավ, սկսեց անզոր գոռալ ու մաքրել աչքերը փոշուց՝ աշխարհի վե՞րջն է: Մաքրում էին, բայց լույս չկար, գերեզմանային խավար էր, հույսն էլ գրեթե մեռած...

Միայն րոպեներ անց Արմենը հիշեց, որ ինքը սրճարանում էր, կողքի սեղանին երիտասարդ աղջիկներ էին, ու հանկարծ՝ ցնցում, դղրդոց, խավար։ Ընկած էր մեջքին։ Շոշափեց տարածությունը, մի կես մետր բարձրության վրա տանիքի պանելն էր։ Մի կերպ սողաց, փորձեց ելք գտնել: Ձեռքն առաջ պարզեց ճշտելու՝ տեղ կա՞ շարժվելու։ Ափը ինչ-որ փափուկ բանի դեմ առավ, շոշափեց: Կնոջ ոտք էր, տաք, նույնիսկ երակի զարկը զգաց: Ձեռքը շոշափելով վեր բարձրացավ, հպվեց կրծքին, հետո՝ դեմքին։


-Հե՛յ, ո՞ղջ ես թե մեռած,- սարսուռով գոռաց Արմենը և ցնցեց կնոջ դեմքը: Մի քանի վայրկյանից կինը ճչաց՝ «Էս ու՞ր եմ, ի՞նչ է եղել, դու մա՞րդ ես թե ուրվական, ինչու՞ ենք այս խավարում»:
Արմենը մոլորովեց՝ ո՞ր ինչուին պատասխանի, ինչպե՞ս բացատրի, որ երկրաշարժից ավերված շենքի առաջին հարկի սրճարանում են: Ինչո՞վ օգնի կնոջը գոնե փոքր-ինչ սթափվելու մղձավանջից՝ թեև ինքն էլ գրեթե նույն մղձավանջի մեջ է: Հիշեց, իր սեղանին երկու շիշ հանքային ջուր կար, գուցե գտնի: Ձեռքը աջուձախ պարզեց, շշերը չէին կոտրվել: Բացեց մեկը, շոշափելով արագ մոտեցրեց աղջկա շուրթերին:


-Քույրի՛կ ջան, խմի՛ր, մի քիչ սթափվիր, որ հասկանաս ուր ես։- Աղջիկը մի երկու կում արեց, փոքր ինչ սթափվեց ու միանգամից գազանի նման ոռնաց՝ «Մերոնք ու՞ր են, ես վախենու՜մ եմ...»:
-Ողբալը չի փրկի, պիտի մի արանք գտնենք, շարժվենք, գուցե վերևում մեր կանչը լսեն,- աղջկան սիրտ տվեց Արմենը:- Փորձենք սողալով առաջ գնալ:
-Ես անկարող եմ սողալ, մարմինս չի ենթարկվում ինձ,- կմկմոցով ասաց աղջիկը: Արմենը ձեռքով զգում էր նրա մարմնի դողն ու սարսուռը:
-Լա՛վ, դու բռնիր իմ ձեռքից, ես փորձեմ առաջ գնալ,- հույս տվեց Արմենը: Մի քանի մետր սողացին, դեմը պատ է։ Հետո հակառակ ուղղությամբ սողացին: Գետնի և պանելի արանքը ավելի էր նեղանում, իսկ փոշու ծանր հոտը խեղդում էր:
-Մի քիչ ուշքի գանք և ուրիշ ելք մտածենք: Գուցե ինչ-որ չոր բանով պատին հարվածեմ, ձայնը վերևում լսվի: Մի բետոնի կտոր գտավ, երկար հարվածեց պատին: Երկուսով միասին գոռում էին՝ «Օգնությու՜ն, օգնությու՜ն»։ Ոչինչ չէր լսվում, և լռությունն ավելի ահեղ ու ծանր էր դառնում։ Արմենը փորձում էր մղձավանջից հանել աղջկան, բայց հուսադրող ասելիք չուներ:
-Քու՛ր ջան, անունդ ի՞նչ է, ո՞վ ես դու,- փորձեց խոսակցությամբ մեղմել տագնապն ու անորոշ սպասումը:
-Անունս Աստղիկ է, բանասիրական ֆակուլտետի ուսանող եմ,- արցունքների միջից հազիվ խոսեց Աստղիկը: -Ախպե՛ր ջան, բա քո անունն ի՞նչ է, դու ո՞վ ես:
-Անունս Արմեն է, ես ժուռնալիստ եմ,- կողքի շրջվեց Արմենը և հանքային ջրի շիշը կրկին մոտեցրեց Աստղիկին։- «Մի քիչ էլ խմիր՝ կոկորդիդ փոշին մաքրվի»
Աստղիկը դողում էր: Արմենը ավելի մոտեցավ, ձեռքով գրկեց Աստղիկի գլուխը: Արցունքից դեմքի փոշին ցեխ էր դարձել, կոպերն ու թարթիչները հազիվ էին շարժվում: Արմենը թրջեց իր թաշկինակն ու ինչքան հնարավոր էր մաքրեց աղջկա աչքերը՝
-Դիմանա՛նք, ոնց լինի՝ մեզ կգտնեն՝ միայն թե հանկարծ պանելը չիջնի:


Հնարավոր փլվածքի սարսափից Աստղիկը պինդ սեղմեց Արմենի ձեռքը ու ակամա գլուխը դրեց նրա կրծքին: Հույս էր որոնում: Արմենը փոշոտ կրծքին մի քանի անգամ զգաց արցունքի խոնավությունը: Ժամեր անցան, ոչ մի ձայն չէր լսվում վերևից, փլվածքի շերտը հաստ էր: Անորոշության մութ սարդոստայնում թպրտում էր հույսը: Կողքերից հողի շերտ չկար, որ գոնե ձեռքերով փորեն... Միակ տարբերակը կարծես թե սպասելն էր, լավ է, որ գոնե երկու շիշ հանքային ջուրը կա, իսկ Արմենի գրպանում՝ ընդամենը երեք շոկոլադ: Անհույս գալարումներից, ցավից ու սարսափի անորոշ տագնապներից, խավարից Աստղիկը հոգնել էր, կոպերը դանդաղ իջան։ Արմենը չէր շարժվում, ձախ ձեռքը նրա գլխատակին էր։ Աղջիկը թեև հոգնած, բայց համաչափ շնչում էր: Անծանոթ աղջկա ծոցի անսովոր, բայց հաճելի հոտն ու կրծքի տաքությունը Արմենի միտքը մեկ-երկու վայրկյան ակամա շեղեցին։ Չհասկացավ՝ խղճահարությունի՞ց էր, գուցե իր մենակությունը փարատելու անորոշություն՞ց, ամեն ինչ կորցնելու սարսափի՞ց թե ինչ-որ անհայտ բանից Աստղիկին համբուրելու ցանկություն ունեցավ։ «Դա անպայման հույս, ուժ կտա Աստղիկին»-, ինքն իրեն համոզեց Արմենը, բայց նույն պահին ամոթ զգաց, որ ինքն իրեն խաբում է: «Մի՞թե այսպիսի մղձավանջից ու մահվան տագնապից ավելի զորեղ ուժ կա։ Բայց այս անօգնական աղջկա անզոր ներկայությունից կարծես ուժեղանում եմ»,-անթափանց խավարում շիկնեց Արմենը և գլուխն այնքան մոտեցրեց Աստղիկին, որ ավելի մոտիկից զգա կրծքի անդիմադրելի բույրն ու ձգող տաքությունը: Պանելի ու կրծքի արանքում գլխապտույտ սկսվեց, մի ինչ-որ թաքուն ուժ մեղմում էր մահվան սարսափը։ Խավարը լիքն է առեղծվածներով: Միայն ժամեր անց արթնացավ աղջիկը՝ ինչ-որ մեկի ձեռքը իր գլխի տակ: Անմիջապես հիշեց, չհասցրեց ճչալ ու գլուխը չհեռացրեց: Չհասկացավ՝ վախի՞ց չհեռացրեց, թե՞ տղամարդու փրկարար մոտիկությունից, գուցե հույսի ջերմությունի՞ց կամ... Այդ կամի վրա սիրտն անսովոր խփեց՝ «Չէ՛, սրտխփոցը ոնց որ թե մղձավանջից չէր, մի ուրիշ բանից է՝ անծանոթ, անսովոր, բայց երանելի...»:
-Արմե՛ն, սարսափս ոնց որ թե մի քիչ մեղմացել է, միայն թե ահավոր տագնապում եմ՝ մի՞թե չեն հասցնի մեզ կենդանի գտնել:
-Լաց չլինե՛ս, որ գոնե կարողանանք վերևից ձայներ լսել,- հույս տվեց Արմենը՝ գրկելով Աստղիկի գլուխը: Մի տաք դող անցավ Աստղիկի մարմնով՝ «Ես ոչ մի տղամարդու այդպես մոտիկից չեմ զգացել՝ վախից ու տագնապից է թե... Էս ինչքան թե կա մղձավանջի մեջ, գուցե նաև լու՞յս էլ կա»: Բայց հասկացավ, որ պանելի տակ անծանոթ տղամարդու շնչառությունը ապրելու ցանկությունն ու հույսը ավելի ուժեղացրեց: Հատակին թափված բետոնի փշրանքներից ու դեկտեմբերյան ցրտից պաղ հատակը դող բերեց նրա մարմնին: Իրենց վերարկուները հանդերձարանում էին մնացել: Քիչ անց դողն ավելացավ ու խառնվեց անսովոր զգացողությանը: Խավարի անհայտ լռության մեջ դողահար աղջկա ատամնախփոցը սթափեցրեց Արմենին:
-Աստղի՛կ, ուրիշ ելք չկա, ես շրջվեմ մեջքի վրա, դու մի կերպ հարմարվիր իմ մարմնին, որ հատակի բետոնի սառնությունը մարմինդ չանցնի,- ասաց Արմենը ու զգաց, որ Աստղիկը մթի մեջ շիկնեց, փորձեց հրաժարվել՝ իբր իրեն բեռ չլինելու համար: Արմենը օգնեց: Աղջիկն անսովոր ամոթխածությամբ պարզապես մտավ տղայի տաք գիրկը: Թեև անթափանց մութ էր, բայց Արմենը աչքերն ավելի լարեց՝ կարծես ուզում էր խավարում տեսնել կուսական կրծքի լույսը, աչքերի փայլը։ Տղան փորձում էր իրեն զսպել, բայց մի ներքին երանություն արթնացել էր մեջը։ Նա կարողացավ միայն միտքը զսպել, բայց սիրտը ոնց որ թե չի ենթարկվում: Անսովոր զգացում էր, մի՞թե մղձավանջում... Մթի մեջ իրենց շուրթերն իրար երկար չորոնեցին... Սարսափը հրաշքով մի պահ ցնդեց, իսկ պանելի հնարավոր փլուզումը արդեն մոռացել էին: Անհույս խավարում գալարվում էին ու շուրթերով իրար հույս տալիս: Համբույրը փրկություն էր, հույս, հավատ, սեր։ ՈՒ կառչել էին նրանից: Հետո եղավ անխուսափելին։ Ոչ մեկը ոչ մի բառ չասաց, այդպես ժամեր մնացին, կարծես մոլորեցնում էին մահվան ուրվականին։
-Արմե՛ն, ես պանելից էլ չեմ վախենում, միայն թե երկուսով լույսը տեսնենք,- շշնջաց Աստղիկը շատ կամաց. կարծես քիչ այն կողմ իրենց լսող կար։
-Աստղի՛կ, պանելի տակ ես փրկության լույսն արդեն գտել եմ,- նույն շշուկով պատասխանեց Արմենը: Հենց այդ լույսը մեզ փրկելու է, նա զորեղ է, մեզ ուժ կտա դիմանալու, նա չի մեռնում։
-Արմե՛ն, պատկերացրու՝ մենք փրկվել ենք ու ինչ լուսավոր զավակ ենք ունենալու։
Երկուսով մոռացել էին երկրաշարժն ու պանելը։ Արթուն երազի երանության թևերին՝ նրանք արդեն ծննդատան մոտ էին: Արմենը հայրաբար բարձրանում էր ծննդատան աստիճաններով՝ ձեռքին կարմիր վարդերի մեծ փունջը: Աստղիկը նորածնի բարուրը գրկին՝ նորաթուխ մոր հպարտությամբ մոտենում էր Արմենին՝ «Անունը ի՞նչ դնենք։ Առավոտյան նա կարթնանա ու գղգղոցով կլցնի մեր տունը, ինչ լուսավոր տուն ունենք...»:
Հանկարծ պանելը ցնցումից մի փոքր իջավ, ու ցնդեց երանելին։ Երազում արդեն մայրացած Աստղիկը զավակին կորցնելու սարսափից պինդ գրկեց հայրացած Արմենին՝ «Գոնե այսպես հաղթենք մահին»:
-Մի վախեցի՛ր, փրկվելու ենք, մենք զավակ ենք ունենալու,- հույս տվեց Արմենը՝ լարելով լսողությունը:
- Եթե մեզ չգտնեն, գոնե մի քանի օր էլ անիծյալ պանելը չիջնի: Ես պանելի տակ մի ամբողջ կյանք ապրեցի: Հա՛, Արմե՛ն, արդեն քանի՞ օր է...
-Ոնց որ թե երրորդ օրն է: Գրպանիս վերջին՝ երրորդ շոկոլադը կեր, ուժերդ հավաքիր, դիմացիր, մեզ փրկելու են:
Աստղիկը երրորդ շոկոլադը կիսեց, գրեթե զոռով կեսը դրեց Արմենի բերանը: Չծամեցին, որ քաղցրությունը երկար մնա։
Հանկարծ պանելը կրկին ցնցվեց ու մի քանի սանտիմետր էլ իջավ: Հույսի թելը բարակել էր և ուր որ է կտրվելու է։ «Մի՞թե մեր լուսավոր երազը կմնա սառն ու անշունչ պանելի տակ, մի՞թե մեր փոքրիկին չենք տեսնելու, մի՞թե...»,- գրեթե հուսահատ դողում էր Աստղիկը: Կրկին մռայլվեց լռությունը ու պանելից ավելի ծանր դարձավ: Մի՞թե պանելի վերևում կյանք չի մնացել։
-Աստղի՛կ, վերևից փրկարարների շան հաչոց եմ լսում, նա մեր հոտն առել է, մի քիչ էլ դիմացիր,- հանկարծ ճչաց Արմենը: Քիչ հետո փրկարարների ձայները լսվեցին՝ «Էհե՜յ, եթե ողջ եք, մի քիչ դիմացեք»: Անակնկալ փրկության հույսը կարծես երազ էր, կարկամել էին, վախենում էին գոռալ, որ հանկարծ չցնդի երազը՝ գոնե մի քիչ էլ այդ հույսի մեջ ապրեն: Բայց վերևի ձայներն ավելի ուժեղացան, և փրկարարների գործիքի զգույշ հարվածից մի փոքրիկ անցք բացվեց: Լույսը ներս խուժեց, ու անցքը մեծանում էր: Հետո վերևից մեկը գոռաց՝ «Ձեռքդ տու՛ր»:
-Աստղի՛կ, առաջ դու գնա, ձեռքդ անցքից պարզիր,- ասաց Արմենը՝ հրելով Աստղիկին դեպի փրկարար անցքը:
Երկու հոգի ուշագնաց Աստղիկին դուրս քաշեցին, դրեցին պատգարակին: Շպապօգնության մեքենան անմիջապես տարավ մոտակա որևէ սանիտարական վրան: Փրկարարները փորձեցին անցքը լայնացնել: Ցնցումից հանկարծ պանելը մի քանի սանտիմեր իջավ, շարժվելը գրեթե անհնար էր: Մետաղե հենակներ հրեցին պանելի տակ, որ լրիվ չիջնի: Անցքը շատ էր նեղացել, հնարավոր չէր դուրս քաշել Արմենին: Մուրճով ու կացնով պանելի եզրը մի փոքր կոտրեցին: Արմենը մի կերպ ձեռքը անցքից պարզեց փրկարարներին:
-Էդ կնոջը տեղ չտանե՛ք,- գոռաց Արմենը պանելի տակից:
Մի քանի րոպեից Արմենին մի կերպ դուրս քաշեցին պանելի տակից, ու նույն պահին էլ մետաղե հենակները ծալվեցին։ Պանելը մի վայրկյանում շրխկաց հատակին:
-ՈՒ՞ր է այն կինը,- հազիվ շշնջաց Արմենը:
-Նրան ուղարկել ենք վերակենդանացման, գուցե մայրաքաղաք կտեղափոխեն կամ էլ Հայաստանից դուրս,- հանգստացրեց փրկարարը:
-Հիմա ու՞ր է, հասցե՛ն ասեք,- թախանձանքով խնդրեց Արմենը՝ հրաժարվելով պառկել պատգարակին:
-Ախպե՛ր ջան, էս քաղաքում հիմա հասցե չկա, ավերակների կույտ է,-բացատրեց փրկարարը:
-Ինձ մի՛ տարեք, պառկեցրե՛ք էս անհասցե պանելին, նա անպայման տուն կվերադառնա,- համառեց Արմենը:
-Նա քո կի՞նն է, հետո որոնող ծառայությունով կգտնես:
-Այո՛, իմ կինն է, բայց ես նրա ազգանունն ու հայրանունը և նախկին հասցեն չգիտեմ:
-Փրկարարները տարակուսանքով իրար նայեցին՝ «Քանի՞ տարվա ամուսիններ եք, ու՞ր և ե՞րբ եք ամուսնացել»:
-Երեկ, պանելի տակ...
Դեկտեմբերյան սառը օդում արցունքի մի քանի կաթիլ ծաղկեցին արևի ջերմությամբ և փշրվեցին պանելի սառը բետոնին։. Քիչ հեռվից մի ձայն սրատեց լռությունը՝ «Արմե՛ն, մենք լույսը տեսա՜նք»...
Փրկարարները պատգարակով Աստղիկին էին բերում։ Բոլորը անշարժացել էին։ Թեև երեք օրում վիշտը քարացել էր բոլորի դեմքին, բայց մի թեթև ժպիտ խառնվեց օրվա ցավին ու մտավ նաև պանելի տակ։
Իսկ պանելի տակից Լույս էր բարձրանում...


Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 126248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ