Թուրքիան հայտարարել է, որ կարիք չկա վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում, քանի որ ԱՄՆ-ը տեղեկացրել է հյուսիսում սահմանամերձ տարածքից քրդական ուժերի լիակատար դուրսբերման մասին: Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրությունը հաջորդել է Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների 7 ժամ տևած հանդիպմանը: ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի հնգօրյա ժամկետը լրանալուց ժամեր առաջ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը պայմանավորվել են Սիրիայի հյուսիս-արևելքում համատեղ ռազմական պարեկության և քուրդ զինյալներին այդ շրջանն ազատելու նոր վերջնաժամկետ տրամադրելու մասին: Նախատեսվում է 150-ժամանոց նոր զինադադար, որը կսկսվի հոկտեմբերի 23-ի կեսօրին և որի ընթացքում քուրդ աշխարհազորայիններից կպահանջվի դուրս գալ Թուրքիայի և Սիրիայի 120-կիլոմետրանոց հատվածի 32 կիլոմետր խորությամբ բուֆերային գոտուց: