Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանն իրեն վերագրվող կասկածը չի ընդունում և պնդում է, որ գործել է Հայաստանի Սահմանադրության համաձայն։ «Գործել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, ես չեմ խախտել Սահմանադրություն, ես չեմ խախտել օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու Գագիկ Հարությունյանը շուտ է դիմում գրել կամ կարար ավելի երկար լինել, ես այդ ամեն ինչի համար պատասխանատու չեմ», - հայտարարեց Արա Բաբլոյանը։
Երեկ ՀՔԾ-ն հաղորդեց, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ է ներգրավել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով:
ՀՔԾ-ն պարզաբանեց՝ որպեսզի ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը բարձր դատարանի նախագահ ընտրվեր ոչ թե նոր Սահմանադրությամբ նախատեսված 6 տարով, այլ դեռ գործող Սահմանադրությամբ՝ մինչև 70 տարեկանը լրանալը, մի խումբ պաշտոնատար անձինք Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը և այնպես արել, որ Հրայր Թովմասյանը 2018-ի մարտի 21-ին նշանակվի ՍԴ նախագահ։ Ըստ ՀՔԾ-ի, այն ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018-ի մարտի 1-ով: Սակայն այդ դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, այս գործով մեղադրյալ Արսեն Բաբայանին է հանձնվել 2018-ի մարտի 5-ին։ Բայց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի այս դիմումը, 2018-ի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հայտարարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։
Արա Բաբլոյանը պնդում է՝ իր առջև եղել է Գագիկ Հարությունյանի դիմումը։
«Երբ որ ինձ ասում են՝ «դու ինչ-որ բան ես ստորագրել», ես ասում եմ՝ ես ստորագրել եմ այդ օրը, այդ ժամին, և դա տեղադրված է կայքում, այսինքն ոչ թե ես ամսի 5-ին ստորագրել եմ 2-ի ամսաթվով, այլ ես ստորագրել եմ ամսի 2-ին, և ես դա ստորագրել եմ, երբ իմ առջև եղել է Գագիկ Հարությունյանի մարտի 1-ի թվագրած դիմումը պաշտոնից ազատվելու հարցում։ Մնացածը թող իրենք կարողանան իրավապահ մարմինները որոշեն՝ ինչո՞ւ են ուշ դրել «Մալբրի» մեջ, ինչո՞ւ է ուշ եկել հասել՝ որտեղ չգիտեմ, էդ բոլորը իրենց խնդիրներն են», - ասաց Բաբլոյանը։
ՀՔԾ-ն երեկվա իր հաղորդագրությունում նշում է՝ նախկին պաշտոնյաներն այս ամենն արել են, քանի որ հակառակ պարագայում Աժ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Աժ հաջորդ հերթական նիստը՝ 2018-ի մարտի 20-ը, հրապարակել Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո էլ օրենքով եռօրյա ժամկետում անհնարին կլիներ այդ ժամանակ գործող Սահմանադրությամբ Հրայր Թովմասյանին նշանակել ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել: