Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Atos ՏՏ-կորպորացիայի գլխավոր տնօրեն եւ Էկոնոմիկայի ու ֆինանսների նախկին նախարար Թիերի Բրետոնի թեկնածությունն Է առաջարկել ներքին շուկայի հարցերի եվրակոմիսարի պաշտոնի համար՝ Եվրախորհրդարանի մերժած Սիլվի Գուլարի թեկնածության փոխարեն՝ հայտնել Է Reuters-ը: Բրետոնը Ֆրանսիայի ֆինանսների նախարար է եղել 2005-2007-ին, դասավանդել Է Հարվարդի բիզնեսի դպրոցում:
Եվրախորհրդարանի պատգամավորները սեպտեմբերի 30-ին մերժել են Եվրահանձնաժողովի նոր կազմում պաշտոնների համար Ռումինիայի եւ Հունգարիայի առաջադրած թեկնածուներին՝ «շահերի կոնֆլիկտի» կասկածների պատճառով: Ռումինուհի Ռովանե Պլումբը հավակնում էր տրանսպորտի գծով եվրակոմիսարի պաշտոնին, Հունգարիայի արդարադատության նախկին նախարար Լասլո Տրոչանին պետք է զբաղվեր ԵՄ-ի ընդլայնմամբ եւ հարեւանության քաղաքականությամբ: Հոկտեմբերի 10-ին Եվրախորհրդարանը նույն պատճառով մերժել է Գուլարի թեկնածությունը ներքին շուկայի հարցերի եվրակոմիսարի պաշտոնում: Այդ պատճառով Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ղեկավարությամբ Եվրահանձնաժողովի նոր կազմի պաշտոնակալությունը նոյեմբերի 1-ից հետաձգվել է դեկտեմբերի 1-ը: Նոր Եվրահանձնաժողովում կլինի 27 եվրակոմիսար՝ մեկական՝ ԵՄ-ի յուրաքանչյուր երկրից (բացառությամբ հանրակցությունը լքող Մեծ Բրիտանիայի) , ներառյալ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։