Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ֆեյսբուքում նա գրել է, որ որոշումը կայացրել է, քանի որ ցանկանում է զբաղվել «քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ և ուրբանիստիկան մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը դարձնելու նպատակով»։ Պաշտոնը թողնելու որոշումը չունի քաղաքական դրդապատճառ և բացառապես անձնական է: «Համոզված եմ, որ այդ կերպ կկարողանամ շատ ավելի օգտակար լինել իմ սիրելի քաղաքին և երկրին: Այս քայլս ամենևին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել», - գրել է Մնացականյանը։
Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին երկրի զարգացման կենսունակ տեսլականի և վստահության համար` ևս մեկ անգամ վերահաստատելով իր աջակցությունը նրա որդեգրած քաղաքական կուրսին՝ շարունակելով. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` վստահության և մեկ տարվա համատեղ աշխատանքի համար, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին և ավագանու անդամ իմ գործընկերներին՝ քաղաքային կառավարման նոր մոտեցման շուրջ միասնաբար և թիմային հանդես գալու համար, իմ ճիշտ մոտիվացված թիմակիցներին, որոնք նվիրումով և պատրաստակամությամբ սատարեցին իմ մեկամյա գործունեությունը, նաև Կենտրոնի սրտացավ բնակիչներին՝ համագործակցության և մեր ուժերին հավատալու համար»։