Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարությունը հայտարարում է, որ հաջորդ շաբաթ Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակման մասին 296 բանաձևը քվեարկության կդրվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Բանաձևի հեղինակները՝ կոնգրեսմեններ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Փիթեր Քինգը և Ջեքի Սփիերը հայտարարում են․«Որպես Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարներ՝ մենք ուրախ ենք, որ 296 բանաձևը, որը ճանաչում և հիշատակում է Հայոց ցեղասպանությունը, հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատում կդրվի քվեարկության: Ամերիկյան դիվանագետները ականատես են եղել 1915-1923 թվականներին տեղի ունեցած Ցեղասպանությունը, որի հետևանքով սպանվել են 1․5 միլիոն հայեր, նաև այլ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս Ցեղասպանության փաստը են վկայում նաև պատմական փաստաթղթերը»: Բանաձևի հեղինակները նկատում են․«Մեծաթիվ ամերիկացներ չգիտեն 20-րդ դարասկզբին տեղի ունեցած առաջին ցեղասպանության, նաև այն մասին, որ ԱՄՆ-ը անհամար կյանքեր է փրկել: Հիմա, երբ Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարձակում է նախաձեռնել, որի հետևանքով սպանվեցին հարյուրավոր մարդիկ և տեղահանվեցին հարյուր հազարավորները, առավել կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատը հստակ և ուղիղ խոսք հնչի մարդկության դեմ հանցանքների մասին՝ անկախ նրանից դա տեղի է ունեցել մեկ դար առաջ, թե մեր օրերում: Հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները կարող են հրապարակավ և հստակ արտահայտվել ցեղասպանության պատմական փաստի մասին՝ միանալով ԱՄՆ 49 նահանգներին և մեր մերձավոր դաշնակիցներին, որոնք արդեն իսկ կատարել են այս կարևոր քայլը»: