Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի համար այս կարևոր բարեփոխումների ժամանակաշրջանում ԵՄ-ի հետ համագործակցությունը էական նշանակություն ունի. հեղափոխությունից հետո ԵՄ-ն մեր ժողովրդավարական օրակարգի կարևորագույն գործընկերներից է, և Ձեր նշանակումը մենք դիտարկում ենք ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա սերտացման համատեքստում: Արդյունավետ ենք համարում ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը և պատրաստ ենք համատեղ ակտիվ աշխատել՝ առավել արդյունավետ դարձնելու մեր գործընկերությունը»: Խոսելով ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի մասին՝ վարչապետն անդրադարձել է դատաիրավական ոլորտին, ընտրական համակարգին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին:
«Մեծ պատիվ է նշանակվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար և հնարավորություն ունենալ նպաստ բերել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը: ԵՄ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Ձեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, որ միտված է Հայաստանի զարգացմանը՝ հիմնված օրենքի գերակայության և մեր ընդհանուր արժեքների վրա», նշել է Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ տպավորված է Հայաստանում տարբեր բնագավառներում իրականացվող փոփոխություններով: Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանին ժողովրդավարության հզորացման գործում՝ վարչապետի նշած ոլորտներում, հարստացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը փոխշահավետ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով:
Նիկոլ Փաշինյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, Արևելյան գործընկերությանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, տարբեր՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կանաչ տնտեսության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը նվիրված: Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերի կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Դեսպան Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն սատարում է հակամարտության բանակցային գործընթացին և աջակցում է խաղաղ կարգավորմանը միտված երկխոսության մթնոլորտի ձևավորմանը: