«Փաստը» գրում է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, երեկ որոշում կայացրեց ոչ իրավաչափ ճանաչել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը: Սակայն, որքան էլ տարօրինակ է, նույն դատարանը որոշեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Բաբայանին։ Հարցը քննվել էր նախօրեին, որոշումը հրապարակվեց երեկ:
«Փաստի» տեղեկություններով, դատավոր Ֆարխոյանը բավականին ծանր կացության մեջ է եղել, քանի որ կալանավորման հիմքերը, ըստ էության, բացակայել են: Մեր աղբյուրների պնդմամբ, նա դիմել է ԲԴԽ, որպեսզի իմանա իր անելիքը: ԲԴԽ-ից «կամ դատում ես, կամ դատվում ես»-ի հանգվույն՝ հստակ ասել են, որ «վարյանտ չունի», կալանքի որոշում պիտի կայացնի: Արդյունքում ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց Բաբայանը կալանավորվել է»: